Էջ:Shirvanzade, Collection works, vol. 4.djvu/68

Այս էջը հաստատված է

Դու չպիտի մազի չափ նրա հրամաններից շեղվես։ Լսո՞ւմ ես։

— Ես կլինեմ Աբրահամ աղայի ստրուկը, ինչպես նա կհրամայի, այնպես էլ կվարվեմ: Ես ձեր ծառան եմ, ձեր հացն եմ ուտում. ստրուկն ի՞նչ իրավունք ունե յուր տիրոջ հրամաններից շեղվել։

Մակար աղան մի քանի րոպե լռեց, մտածողության մեջ ընկնելով։

— Խաչի,— շարունակեց նա հանկարծ, կարծես, ծանր քնից սթափվելով։

— Հրամայեցե՛ք, աղա։

— Դու ինձ շա՞տ ես սիրում։

— Ավելի, քան թե ծնողներիս, ես վերև աստծուն եմ պաշտում, ներքև՝ ձեզ։

— Ինչ որ հրամայեմ կկատարե՞ս։

— Հրամայեցեք խեղդվել — նույն րոպեին կխեղդվեմ, հրամայեցեք ջուրն ընկնել — նույն րոպեին ջուրը կընկնեմ, միայն թե ձեր հրամանը կատարվի։

— Մի բան հարցնեմ, ճշմարի՞տը կպատասխանես։

— Աղա, այդ ինչ խոսք է, որ դուք հրամայում եք։ Միթե երբևիցե ես ձեր ասածներին սուտ պատասխաններ տվե՞լ եմ, որ դուք այժմ կասկածում եք։

— Շատ լավ. բայց վախենում եմ, որ այս անգամ սուտ ասես։

— Էլ ինչ ասեմ, աղա, հարցրեք ու փորձեք։

— Խաչի, դու մեր Թամարի հետ խոսո՞ւմ ես։

— Ինչո՞ւ չէ, չորս տարի ձեր տանը ծառայում եմ, ինչպես կարելի էր, որ այդքան ժամանակ նրա հետ չխոսեի։

— Ինչ ես խոսում նրա հետ։

— Ի՞նչ պետք է խոսի ծառան խանումի հետ. նա ինձ հրամաններ և պատվերներ է տալիս, իսկ ես կատարում եմ։

— Բացի դրանից, ձեր մեջ ուրիշ խոսակցություն չի՞ եղել։

— Ծառայի և նրա խանումի մեջ չգիտեմ էլ ուրիշ ինչ խոսակցություն կարող է լինել։

— Շուտ-շո՞ւտ ես տեսնվել Թամարի հետ։