— Տեսնվել ենք երբ որ նրան հարկավոր է եղել ինձ մի հրաման տալու։
— Այդ ժամանակները նա քեզ հետ երկա՞ր է խոսել, թե՞ միայն հրամաններ է տվել։
— Բացի հրամաններից ուրիշ ոչինչ բանի մասին ինձ հետ չի խոսել։
— Ճշմարի՞տն ես ասում։
— Թող աստուծո կրակն իմ գլխին թափվի, եթե ես ձեր առջև սուտ եմ խոսում։ Բայց, աղա, ես չեմ հասկանում, թե ինչո՞ւ համար եք այդպիսի հարցեր տալիս ինձ։
— Ոչինչ, այդ քո գործը չէ։
Մակար աղան լռեց և կրկին մտածողության մեջ ընկավ։ Նա ձեռները դարսեց մեջքին, ճակատը դարձյալ կնճռոտեց, հոնքերը քաշ արավ։ Պարզ էր, որ մի միտք էլի նրան հուզում էր։ Նա բարկացած էր։
— Գնա՛, շորերդ կապիր և պատրաստվիր, որ առավոտը վաղ ճանապարհ ընկնես:
Ես գլուխ տվեցի և հեռացա իմ սենյակը։ Թե ինչ պատճառով էր Մակար աղան ինձ Բաքու ուղարկում և ինչու համար էր այդ հարցն ու փորձն անում — այս մասին երկար չմտածեցի։ Հենց նրա առաջին խոսքերից ես իսկույն հասկացա, թե բանն ինչումն է։ Իմ սատանայական միտքն արդեն յուր հետևանքները ցույց էր տալիս։
Շորերս կապկպելու համար բավական եղավ միայն մի ժամ, հետո ես ընկա անկողին քնելու, որ առավոտը վաղ զարթնեմ, բայց քունը փախավ աչքերիցս։ Ես երկար ժամանակ անկողնիս մեջ տրորվում էի այս ու այն կողմ, չկարողանալով աչքերս անգամ փակել։ Ինձ չարչարում էր այն միտքը, որ Շ... քաղաքից հեռանալով այլևս չպիտի տեսնեի Թամարին։
Այն սենյակը, ուր գիշերում էի, ծառաների սենյակից բաժանված էր մի բարակ տախտակյա միջնապատով։ Իմ մահճակալը դրած էր այդ միջնապատի տակ։ Ծառաները սովորություն ունեին առհասարակ գիշերները ուշ քնել։ Նրանք իրանց գործերը վերջացնելուց հետո հավաքվում էին միասին և սկսում զրույց անել գրեթե մինչև գիշերվա կեսը։ Սովորաբար