Էջ:Shirvanzade, Collection works, vol. 4.djvu/71

Այս էջը հաստատված է

անունը կոտրվել է, ճարահատված կվերցնեն ու կտան Խաչիին։

— Օհո, օհո, տես որտեղից է բռնել անիրավը,— գոչեցին միաբերան մյուս ծառաները։

— Այ թե ինչու համար է Մակար աղան նրան այստեղվից հեռացնում։

— Ուշ է, բանը վերջացած է։ Թամարի քարն արդեն հորի մեջ է ընկել և միայն Խաչին կարող է հանել նրան:

Ծառաները լռեցին։

«Կեցցե՛ս, յորղա Խաչի, կեցցե՛ս,— գոչեցի ես մտքումս,— տնկած ծառդ սկսում է պտուղ տալ: Վնաս չունի, որ Թամարից հեռացնում են քեզ։ Ուշ է։ Այժմ այլևս ոչ ոք չի կամենալ Թամարին մոտենալ և յուր անունը խայտառակել։ Ո՞վ կհամաձայնվի թքած պատառը կուլ տալ»։

Վերմակը քաշեցի գլխիս և հանգիստ քնեցի մինչև առավոտ։

VIII

Բաքուն, ծովեզրյա այդ նորածաղկ արդյունաբերական քաղաքը, նավթային արդյունաբերության շնորհիվ, այն ժամանակ արդեն Անդրկովկասյան երկրի առևտրական կենտրոններից մեկն էր։ Իհարկե, զարմանալի կլիներ, եթե աղա Գուլամյանցների նման ճարպիկ վաճառականները գործ չսկսեին այնտեղ։

Աբրահամ աղան այն թմրած հայ վաճառականներից չէր, որոնք իրանց քթի տակ եղած հարստությունները չեն նկատում: Նա մի քիչ ավելի բարձր էր իր հեռատեսությամբ, քան ասիացի, թեև ոչ այնքան զարգացած, որչափ նույնիսկ մի միջակ եվրոպացի վաճառական։

Այս պատճառով բնավ չզարմացա, երբ, հասնելով Բաքու, հանդիպեցի աղա Գուլամյանցների այնպիսի գործերին, որոնց համեմատ Շ. քաղաքի առևտուրը խաղալիք էր։

Այստեղ նրանք ունեին բավական մեծ քանակությամբ նավթահողեր, երկու հանք, մի ահագին նավթագործարան, մի տակառագործարան և մի քանի նոր շինություններ, որոնք Բաքվի մեջ առաջնակարգ տեղ պիտի բռնեին։ Ճշմարիտը խոստովանած,