Էջ:Shirvanzade, Collection works, vol. 4.djvu/72

Այս էջը հաստատված է

տովանած, առաջին անգամ մտնելով այդպիսի մեծ գործերի մեջ, մի տեսակ երկյուղ զգացի, որ միգուցե չկարողանամ կառավարել և Աբրահամ աղան, տեսնելով իմ անընդունակությունը, արտաքսի, թողնելով ինձ, ինչպես ասում են, չոր տափի վրա: Բայց մտաբերելով իմ մինչև այդ ժամանակ ունեցած հաջողությունները, չվհատվեցի և աստուծո անունը տալով (նեղ ընկած ժամանակ ես դիմում էի նրան), սկսեցի գործել։

Սկզբում Աբրահամ աղան ինձ հետ վարվում էր մի փոքր մեղմ, այնպես, որ ես կարծեցի, թե նա ավելի համբերող մարդ պիտի լինի, քան Մակար աղան։ Բայց հետո մի բանում նկատելով մի չնչին սխալ, նա այնպես փոխվեց և կատաղեց ինձ վրա, որ ես իսկույն հասկացա, թե ինչ տեսակ մարդու հետ գործ ունիմ։

Քանի որ Աբրահամ աղան Բաքու էր գտնվում, ես գործերի կառավարության մեջ կատարում էի երկրորդական դեր, իսկ երբ նա ճանապարհվում էր Ռուսաստան, իմ գործերը բազմապատկվում էին, ես դառնում էի լիակատար կառավարիչ։ Հարկավոր էր մեծ հավատարմություն գործակատարի կողմից, որ աղա Գուլամյանցների նման զգույշ և խորատես մարդիկ հանձնեին նրան այդ գործերի կառավարությունը, ուր գործակատարը, եթե ուզենար, կարող էր նրանց գլխին լավ օյիններ բերել։

Ես ընդունում էի Ռուսաստանից եկած փողերը և հանձնում բանկը, կառավարում էի ֆոտոգենի գործարանը, հանքերը, տները և այլն։ Բաժանում էի գործակատարների, մշակների և արհեստավորների ռոճիկներն ու վարձերը։ Մի խոսքով, ամեն ինչ իմ ձեռքումն էր։

Նավթային առուտուրի հաջող տարիներն էին։ Աղա Գուլամյանցները ճանապարհում էին Ռուսաստան մեծ քանակությամբ ֆոտոգեն։ Իմ շահասիրական ծարավը հագեցնելու համար պաշտոնս մի շատ հարմար ասպարեզ էր։

«Շատ հիմար մարդ կլինիս, Խաչի, եթե թաց թողնես այսպիսի հաջող հանգամանքները: Մի պատրաստի, քանդված, ոսկե հոր է աղա Գուլամյանցների գործը քեզ համար, օգտվիր դեպքով և քանի որ այս հորի մեջ ես, աշխատիր որքան կարելի