Էջ:Shirvanzade, Collection works, vol. 4.djvu/73

Այս էջը հաստատված է

է գրպանդ ամուր լեցնել» Բայց ինչպես լեցնեի գրպանս, որ աղա Գուլամյանցները չիմանային։ Մեծ անհեռատեսություն կլիներ իմ կողմից, եթե ես, հափշտակվելով հարմար առիթից, բանս դրստեի միանգամից, որովհետև աչքի առաջ ունեի մի ուրիշ նպատակ ևս. ես ցանկանում էի Թամարին ձեռքից բաց չթողնել։ Աղա Գուլամյանցներին փեսա լինելը խիստ դրդռում էր իմ ինքնասիրությունը, «Լավն այն է ոչխարին այնպես կոտել, որ նրան զգալի չլինի. հարկավոր է մկրատը զգուշությամբ բանեցնել և թույլ չտալ, որ նա հասնի մինչև կաշին, եթե ոչ, Խաչի, անզգուշությունը կհասցնե քեզ վատ հետևանքների»,— ասացի ինքս ինձ։

Միջոցներ շատ կային. ես նրանցից ընտրեցի այնպիսիները, որոնք հեշտ և ձեռնտու էին։ Ամսական մի անգամ ևս բաժանում էի տակառագործների վարձն և մշակների ռոճիկները։ Ոչինչ այնքան հեշտ չէր, որքան սրանց հաշիվների մեջ խառնակություն մտցնելը։ Ես աղա Գուլամյանցների տված իմ ամսական հաշիվների մեջ ցույց էի տալիս մի մշակի փոխարեն երկուսը, ավելացնում էի տակառների գինը։ Գործակատարական բարբառով հաշիվների մեջ այդ կոչվում է «վերադիր», և ես, ամեն անգամ «վերադիր» անելով, երկու տարուց հետո հաշվեցի և տեսա, որ ինձ մոտ գոյացել է մի նշանավոր դրամագլուխ, որով կարող էի բոլորովին հեռանալ աղա Գուլամյանցներից և ինքնուրույն վաճառական դառնալ։ Սակայն ես չշտապեցի։ Հարկավոր էր առաջ գնալ, մի անգամ արդեն սկսել էի, այլևս հետ կանգնելն ինձ համար անհնարին էր։ Մանրավաճառ Թորոսի ասած գաղտնիքն այլևս ինձ համար պարզվել էր։

Բայց հանկարծ իմ վիճակը դարձյալ փոխվեց. մի օր Աբրահամ աղան ինձ հրավիրեց յուր մոտ և հայտնեց, թե ես պիտի գնամ նրա հետ Ռուսաստան։ Այս տեղափոխության պատճառը գիտեի ինչն էր։ Աղա Գուլամյանցների ընտանիքն եկել էր Բաքու։ Ինձ հեռացնում էին Թամարից, որի մասին իմ տարածած լուրը քանի գնում այնքան զորություն էր ստանում, չնայելով, որ երկու տարի էր նրան չէի տեսնում։ Այս անգամ ևս ես հնազանդվեցի Աբրահամ աղայի հրամանին և մի գեղեցիկ օր ճանապարհվեցի նրա հետ Ռուսաստան: Փույթ չէ, —