Էջ:Shirvanzade, Collection works, vol. 4.djvu/74

Այս էջը հաստատված է

ասացի ինքս ինձ,— ևս Թամարի վարկն այնպեա չեմ գցել, նրա անունն այնպես չեմ խայտառակել, որ մեկը վստահանա նրան մոտենալ: Ինչ կուզեն, թող անեն Գուլամյանցները, վերջ ի վերջո Թամարն իմն է։

IX

— Խաչի,— ասաց ինձ Մոսկվայում Աբրահամ աղան ուրախ ժամանակը,— քանի՞ տարի է, որ մեզ մոտ ծառայում ես:

— Արդեն յոթերորդ տարին է:

— Այդ յոթ տարում դու քանի անգամ ես մեզանից փող ստացել:

— Չորս անգամ Մակար աղայից եմ ստացել՝ երկու երկու հարյուրական ռուբլի, երկու անգամ էլ ձեզանից՝ հինգ հարյուր ռուբլի, ընդամենը հազար երեք հարյուր ռուբլի:

— Ի՞նչ ես արել այդ փողերը։

— Ուղարկել եմ հորս։

— Այդ յոթ տարում ուրեմն այդքա՞ն ռոճիկ ես ստացել մեզանից։

— Այո՛։

— Քո ծնողներն աղքա՞տ են։

— Իմ ռոճիկն է միայն նրանց եկամուտը։

— Ուրեմն շա՞տ աղքատ են ապրում։

— Շատ աղքատ։ Ծերության հասակում շատ օրեր քաղցած են անցկացնում։ Բայց ի՞նչ պետք է արած, աղա, աստուծո կամքն է, երևի՛, նրանց ճակատին լավ ապրուստ չի գրված։

Աբրահամ աղան ձեռը տարեց գրպանն և ահագին պորտմոնեն հանեց։

— Առ այս հազար մանեթը,— ասաց նա, հանելով տասը հատ կանաչ կարմիրանոցներ և դնելով իմ առջև, սեղանի վրա։

— Նախ և առաջ քեզ համար մի երկու ձեռք հագուստ գնիր։ Քո այժմյան հագուստը շատ հին է և կեղտոտ մեր անվան համար լավ չէ, որ դու այդպես վատ ես հագնվում: Իսկ մնացյալն ուղարկիր հորդ։