Էջ:Shirvanzade, Collection works, vol. 4.djvu/75

Այս էջը հաստատված է

— Աստված ձեր կարողությունը տասն անգամ ավելացնի, թող նա ձեզ միշտ իմ գլխին տեր պահի, որ ես էլ ձեր շվաքում ապրել կարողանամ:

— Բայց լավ ծառայիր, խարդախություն չանե՛ս իմ գործերում։

— Թո՛ղ ձեր հացն իմ աչքերը կուրացնի, թե ես մինչև օրս մտածել եմ կամ այսուհետև պիտի մտածեմ ձեր կամ ձեր շահերի դեմ։ Երկնքում աստված, ներքև դուք եք ինձ համար. իմ խիղճն ի՞նչպես թույլ կտա ձեր դեմ խարդախություն անել։

— Լա՛վ, գնա՛։

Որպեզի իմ շնորհակալությունն ավելի զգալի կերպով արտահայտեմ Աբրահամ աղային, ես չոքեցի նրա առջև և մի քանի անգամ համբուրեցի նրա սերտուկի փեշերն և կոշիկների ծայրը։ Աբրահամ աղան չընդդիմացավ այս բանին։

— Ձեր ոտը դրած տեղը թող իմ գլուխը լինի,— ասացի ես ճիշտ արևելյան կեղծավորությամբ, ձայնս դողացնելով, որպես թե զդացմունքից հուզված եմ։

— Շա՛տ ապրես, լավ է, վե՛ր կաց, միշտ այդպես երախտագետ եղիր աղաներիդ։ Իսկի չմոռանաս այն մարդկանց լավությանը, որոնք քեզ պահպանում են և պաշտպանում։

— Թող աստված ինձ մոռանա և իմ գլխին կրակ թափի, եթե ես երբևիցե մոռանամ ձեր լավությունները։

— Բավական է, գնա այժմ գործիդ։

Ես կրկին անգամ չոքեցի Աբրահամ աղայի առջև և կոշիկները համբուրեցի, հետո, վեր կենալով ու հետուհետ գնալով, դուրս եկա նրա սենյակից։

— «Խաչի,— ասացի ինքս ինձ, պառկելով անկողնում այդ երեկո,— բախտն երեսիդ ծիծաղում է։ Աղա Գուլամյանցներին կուրացրել ես, մանրավաճառ Թորոսի խոսքերը կատարվում են, դու արդեն մտել ես նրանց գրպանը։ Այժմ քեզ պակաս է միայն Թամարը. եթե նրան էլ ճանկես, այն ժամանակ քո մի քանի տարի առաջ երևակայած փառավոր ապագան այլևս իրականացած է։ Ուրեմն, շարունակիր։ Խորամանկությունը և շողոքորթությունը զորեղ միջոցներ են, նրանք օգնել են քեզ մինչև այսօր, կօգնեն այսուհետև էլ, մի՛ բաց թողնիր ձեռքիցդ այդ միջոցները»: