Էջ:Shirvanzade, Collection works, vol. 4.djvu/77

Այս էջը հաստատված է

հասցրեց ինձ աստված,— գոռացի ես քացի ձայնով, ընկնելով նրա մահճակալի վրա և համբուրելով նրա ճակատը։

— Խաչի, մեռնում եմ,— պատասխանեց նա թույլ ձայնով։

«Ջհաննամը որ մեռնում ես, մի քիչ էլ վաղ պիտի մեռնեիր»,— ասացի ես մտքումս։

— Աստված ոչ անի, ի՞նչ ես ասում, աղա։

— Չէ, մեռնում եմ, Խաչի, այն անխղճմտանքը տունս քանդեց,— շարունակեց Աբրահամ աղան տնքտնքալով, գլուխը բարձրացնելով բարձի վրայից։

— Ո՞վ է ձեր տունը քանդել, աղա, ի՞նչ եք հրամայում,— հարցրի ես զարմացած։

— Հրեա Շաբաթը տունս քանդեց, նա՛... քառասուն հազար... քառասուն հազար.. ա՜խ...

Աբրահամ աղան չկարողացավ ավարտել յուր խոսքը, նրա թուլացած գլուխն ընկավ կրկին բարձի վրա։ Ես նկատեցի նրա աչքերում արտասուք։

— Ի՞նչ քառասուն հազար աղա, ասացեք, տեսնեմ ի՞նչ է արել անիրավ Շաբաթը։

— Փողերս կուլ է տալիս... հաշա է անում... ասում է պարտական չեմ։

— Ի՞նչ փողեր։

— Այս տարվա ֆոտոգենի փողերը, ասում է տվել եմ Խաչիին, կերավ այն անխղճմտանքը... էն, էն...

Մի փոքր միջոցից հետո եկավ բժիշկը. ես նրանից հարցրի ինչ է Աբրահամ աղայի հանկարծակի հիվանդության պատճառը։

— Կաթված,— պատասխանեց բժիշկը կարճ ու կտրական։

— Հույս կա՞, որ առողջանա։

— Հազիվ թե մինչև երեկո ապրի։

«Աստված տա, որ չապրի»,— ասացի մտքումս խորը հառաչելով: Բժիշկն, իհարկե, այնպես իմացավ, որ ես ցավալուց եմ հառաչում։

— Խաչի,— դարձավ ինձ Աբրահամ աղան բժշկի հեռանալուց հետո։