Էջ:Shirvanzade, Collection works, vol. 4.djvu/80

Այս էջը հաստատված է

— Քանի՞ տարեկան կլինեիր մեզ մոտ մտնելու ժամանակ։

— Տասնևյոթ տարեկան։

— Ուրեմն այժմ քսանևվեց տարեկան ես։

— Տասնևյոթ, այն էլ ինը, այո, ուղիղ քսանևվեց տարեկան եմ։

— Բավական մեծացել ես,— ասաց Մակար աղան ժպտալով։

— Այո՛, սկսում եմ ծերանալ։

— Այժմյան ջահելները մեզանից շուտ են ծերանում,— ասաց Մակար Պետրովիչը կատակով։— Բայց գիտե՞ս ինչիցն է այդ։

— Ինչի՞ց է, Մակար Պետրովիչ,— հարցրի ես հետաքրքրությամբ։

— Նրանից, որ այժմյան ջահելները չեն պսակվում և իրենց կյանքն անց են կացնում շռայլութենով։

— Պսակվողները մի՞թե չեն ծերանում։

— Ծերանում են, բայց ժամանակին և ոչ թե չպսակվողների նման ժամանակից քսան տարի առաջ։ Ես պսակվելիս երեսուն յոթ տարեկան էի, բայց այս վեց տարում ես բավական զանազանություն եմ գտնում իմ առաջվա ու այժմյան առողջության մեջ և շատ ափսոսում եմ, որ տասը տարի առաջ չեմ պսակվել։ Ես այժմ եմ հասկանում, թե ամուսնությունն ինչքան օգտավետ է մարդուս։ Սխալված եմ համարում այն մարդուն, որը ժամանակին չի պսակվում։

— Լավ կիներ, եթե ամեն մարդ կարողություն ունենար ամուսնանալու, բայց չէ՞ որ շատերը իրանց չոր գլուխը չեն կարողանում պահել, ի՞նչպես կարող են ընտանիք պահել։

— Ով որ ուզենա պսակվել, կարողություն էլ կգտնի։

— Որտեղի՞ց կարող է գտնել։ Օրինակ, ինձ նման մարդ ի՞նչպես կարող է ծառայելով ընտանիք պահել,— ասացի ես, հասկանալով մասամբ Մակար աղայի միտքը։

— Քանի որ մարդ մենակ է, աստված էլ նրան մեկի ապրուստ է տալիս, բայց երբ ամուսնանում է, աստված ինքը նրա ընտանիքի հոգսն էլ է տեսնում։ Օրինակ, դու այժմ մենակ