ես, նա քեզ քո ապրուստը տալիս է, բայց երբ պսակվես, քո ընտանիքի հոգսն էլ կանե։
— Եթե իմանամ, որ աստված կարողություն կտա ապրելու, հենց վաղը կպսակվեմ։
— Փորձիր և տես կտա թե չէ։ Արի՛, ճշմարիտ, Խրիստաֆոր Սերգեյիչ, քեզ պսակենք։ Վաղուց եմ մտածում, որ հարկավոր է քեզ պսակել և շատ ժամանակ է, որ մի լավ, սիրուն աղջիկ աչքի առջև ունիմ քեզ համար, ասաց Մակար աղան, դարձյալ ժպտալով։
— Ո՞վ է այդ աղջիկը, Մակար Պետրովիչ, ես գիտեմ, որ ձեր հավանածն անպատճառ լավը կլինի,— հարցրի ես, միամիտ ձևանալով։
— Մի երևելի, հարուստ և ազնիվ ընտանիքի աղջիկ, որի վրա շատերն աչք ունին։
— Ո՞վ է այդ ընտանիքը։
— Մեր ընտանիքի նման մեկը։
— Ես այս քաղաքում ձեր ընտանիքի նման ուրիշը չեմ ճանաչում։
Մակար աղան դռանը զարկեց, և նույն րոպեին իմ առջև ներկայացավ աղա Գուլամյանցների ամբողջ ընտանիքը։
Ես նկատեցի նրանց մեջ գլուխը քաշ ձգած և ամոթից կարմրած Թամարին, որի ձեռից բռնած ներս բերեց Մակար աղայի ամուսինը։
— Այ քեզ այն ընտանիքը, սա էլ իմ ասած աղջիկը։ Հը՛մ, այժմ ճանաչո՞ւմ ես թե ոչ, լավ մտիկ արա,— ասաց Մակար աղան, բռնելով Թամարի ձեռքից և առաջ քաշելով։
Ես ամոթից կարմրեցի և չկարողացա ոչինչ խոսել։
— Ձեռ ձեռի տվեք, ես ձեզ վաղուց եմ մտքումս նշանել։
Ես անզգայաբար ձեռս մեկնեցի Թամարին։ Գործողությունն այնքան հանկարծակի եղավ, որ ես, ճշմարիտն ասած, մնացել էի շվարած։
— Ի՞նչ ես սառել, այ կնիկ, Գալուստին հրամայի շամպանսկի բերի։
Անցան առաջին վայրկյանները, և ես, փոքր առ փոքր ուշքի գալով, սկսեցի ուշադրությամբ քննել իմ դրությունը։
Ալ․ Շիրվանզադե, Երկերի ժողովածու, հ․ IV—6