Էջ:Shirvanzade, Collection works, vol. 4.djvu/86

Այս էջը հաստատված է

բերելով Ռուսաստանի ապրանքները։ Առագաստավոր նավերն իրենց խառնիճաղանջ առագաստներով, անթիվ, դեպի այս ու այն կողմեր ճյուղավորված պարաններով, իրանց կեղտոտ տախտակամածներով և փայտապատ կեղևներով՝ վիթխարի, ամրաշեն և երկաթապատ հպարտ շոգենավերի մոտ նմանվում էին գյուղական խրճիթների՝ քաղաքի բարձրաշեն տների դիմաց: Այդ հասարակ նավերը ճանապարհորդում են Պարսկաստանի և Բաքվի մեջտեղ։ Պարսկաստանի գրեթե ամբողջ արդյունաբերությունը, որ մեծ մասամբ մրգեղեններից է բաղկացած, տեղափոխվում է այդ նավերով։

Աշխատանքը կայարանի շուրջը, ծովի երեսում, եզերքի մոտ բորբոքման մեջ էր։ Ահա մի կողմում նավերից մինը բեռան ծանրությունից մինչև տասներկու-տասներեք կանգնաչափ խրված ջրի մեջ, հանդարտությամբ օրորվում է այս կողմ այն կողմ։ Ամրակազմ և առողջադեմ թուրք նավաստիները դուրս են կրում ապրանքների ահագին հակերը, Արեգակի տաքությունից և աշխատանքի ծանրությունից քրտինքը նրանց ծովային քամիներից այրված ու սևացած դեմքերից թափվում է այն առատությամբ, ինչպես բաղնիսի ներսի պատերից թափվում են շոգու գոլորշիները։ Ամեն անգամ, երկար պարանների միջոցով նավի ներքնահարկից հակերը դուրս քաշելու ժամանակ նրանց հաստ բրդյա շալով գոտևորված մեջքերը թեքվում են, ողնաշարները դուրս ցցվում, բայց նրանց համար կարծես այդ անզգալի էր։ Ո՛չ կիզիչ արեգակը, ոչ ծանր աշխատանքը նրանց դեմքերից չի հեռացնում այն սովորական ուրախ ու զվարթ ժպիտը, որ հատուկ է միայն նավաստիներին, երբ սրանք գտնվում են չորությունում։ Նրանք երգում են, ծիծաղում, կատակներ անում իրարու հետ, և ամեն անգամ հակը մշակի մեջքին գնելիս մի-մի աքացի ևս ավելացնում են հետևից, որ մշակը շուտ տեղ հասցնի։ Սակայն մշակը, որ ապրանքի հակերը նավի տախտակամածից տեղափոխում է դեպի կայարան, դանդաղ է շարժվում տեղից։ Տասը-տասներկու փութանոց բեռան ծանրության տակ նրա ծնկները ծալվում են, կոկորդը դուրս է ցցվում, շլինքն երկարանում է, բերանը ակամա բացվում է, և ամեն անգամ յուր բոբիկ ոտերը փոխելու ժամանակ մի տնքոց է արձակում կրծքից։ Երբեմն դժվարությամբ