և երկյուղով, որ միգուցե հակը մեջքից թավալվի, նա յուր ոսկրացած ձեռքը տանում է ճակատին և դուրս սլում քրտինքի խոշոր, կեղտոտ կաթիլները։ Նավի մի անկյունում կանգնած է ապրանքի տերը։ Սա մի պարսիկ առևտրական է, բարձր և կլորակ մահուդյա գլխարկով, երկայն փեշավոր արխալուղով, որի վրա մեջքին կապած է մետաքսյա կապտագույն գոտին։ Նրա թեթև, սպիտակ ամառային մետաքսյա կապայի փեշերը հասնում են մինչև կանաչագույն պարսկական քոշերի կրունկները։ Մի ձեռում պահած հովանու կոթը և մի փոքրիկ ձեռատետր, իսկ մյուս ձեռում մատիտը բռնած, յուր երկայն ու բարակ մատերով զգուշությամբ նշանակում է ապրանքի հակերի թիվը, կշիռն և համարը, դեմքի վրա անդադար խաղացնելով մի խորհրդավոր ժպիտ։ Ստեպ-ստեպ նա գլուխը թեքում է դեպի մեջքը, հինայով ներկած միրուքը փասյանի պոլի նման ցցում է օդի մեջ և գոռում մշակների կամ նավաստիների վրա, հրամայելով, որ նրանք զգուշությամբ և շտապով կատարեն իրանց գործը։ Այն ժամանակ բարեպաշտ մուսուլմանի բերանից առատությամբ դուրս են հոսում հիշոցներն այն արագությամբ, ինչպես երևի արտասանում են նրա շրթունքները նամազի ժամանակ մեծ մարգարեի սրբազան աղոթքը։
Մի փոքր հեռու այստեղից կանգնած է մի ուրիշ նավ։ Նրա նավաստիները բոլորը ռուսներ են։ Խմբովին հավաքված նավի ծայրը, նրանք նավապետի կառավարությամբ, բռնած հաստ պարանի ծայրից, որը մյուս ծայրով կապված է կայարանի սյուներից մեկին, միահամուռ ուժով քաշում են պարանը, որպեսզի նավը մոտեցնեն կայարանին։ Ամենից առաջ կանգնած է կարմիր շապկով մի հաղթանդամ և երգում է ռուս մուժիկի սովորական «Դուբինուշկան»։ Ստեպ-ստեպ նրան ձայնակցում են և մնացյալ նավաստիները, կրկնելով երեք անգամ միաբերան ухнем, ухнем, ухнем, և պարանը քաշում։ Եվ այդ ծովային որդիների բերանից դուրս թռչող բացականչումները տարածվելով խաղաղ ծովի մակերևույթի վրա, թաղվում են աղի ջրի անդունդի մեջ, տանելով իրանց հետ մարդկային աշխատավորների կրծքից արձակված դառն հառաչանքները։