Էջ:Shirvanzade, Collection works, vol. 4.djvu/90

Այս էջը հաստատված է

նշան, որ հետևանք էր նրա անբարոյական կենցաղավարության։ Երիտասարդի ժիլետի վրա նույնպես փայլում էր մի ահագին ոսկե շղթա։ Իսկ շղթայից քաշ էր ընկած հինգկոպեկանոցի չափ ոսկե մեդալիոնը՝ զարդարված մանրիկ ադամանոցներով։ Նրա բարակ դեղնագույն ձեռնոցներից մեկի տակից, աջ ձեռքի միջամատի վրա ցցված էր մատանու մեծ փիրուզեն, ճերմակ ատլասյա փողպատի վրա մեխված էր մի մեծ ոսկե գնդասեղ նույնպես ադամանդներով զարդարված։ «Պետր Ստեփանիչ Դոլմազով»— այսպես էր փորագրված երիտասարդի անունը նրա ձեռնափայտի չորս մատնաչափ ոսկեպատ կոթի վրա։

II

Խումբը տաքացած խոսում էր ու վիճաբանում հանքերի, գործարանների, նավթի և ուրիշ այսպիսի հետաքրքրական նյութերի մասին։ Մի քանիսը խոսողներից այնքան ոգևորվել էինք, որ քիչ էր մնում փոխեին իրանց կանգնած դիրքն և քանդեին մեջտեղի օղաձև տարածությունը։ Մեկը կամենալով համոզել ինչ-որ բանում յուր դեմուդեմ կանգնողին, մի փոքր առաջ շարժվեց, և երկուսի փորները մի քիչ ընդհարվեցին։

Խոսակցությանը չէր մասնակցում միայն երիտասարդը։ Նա երեսը դարձրել էր դեպի ծովն և հեռադիտակով անդադար նայում էր եկող շոգենավին, որն այդ ժամանակ այնչափ մոտեցել էր կայարանին, որ պարզ նշմարվում էին տախտակամածի վրա խմբված ճանապարհորդները։

— Պետր Ստեփանիչ, ինչո՞ւ ես այդպես անհամբեր մտիկ անում, երևի, մարդի ես սպասում,— դիմեց երիատասարդին հաստափորներից մեկը, աջ ձեռը դնելով նրա ուսին, երբ խոսակցությունը մի քանի վայրկյան ընդհատվեց։

Պետր Ստեփանիչը չպատասխանեց։ Նա խորասուզված շարունակ նայում էր դեպի շոգենավը։

— Պետր Ստեփանիչ, ախար քեզ հետ են խոսում,— կրկնեց հետաքրքիր հաստափորը, կանգնելով նրա դեմուդեմ և ձեռով ծածկելով հեռադիտակի բերանը, որպեսզի Պետր Ստեփանիչի ուշադրությունը յուր վրա դարձնի։