Էջ:Shirvanzade, Collection works, vol. 4.djvu/91

Այս էջը հաստատված է

— Հը՛մ,— ասաց միայն Պետր Ստեփանիչն և, հեռադիտակն ազատելով նրա ձեռից, կրկին սկսեց նայել։

— Ումի՞ն ես սպասում, ասա տեսնեմ,— շարունակեց հաստափորն, այս անգամ Պետր Ստեփանիչի ձեռից խլելով հեռադիտակն և թաքցնելով յուր մեջքում։

— Սպասում եմ։

— Ո՞ւմին։

— Կարլ Մարկիչի ընտանիքին։

— Ո՞րտեղից։

— Հաշտարխանից։

— Ի՞նչ ասացիր, Կարլ Մարկի՞չ, ո՞վ է Կարլ Մարկիչը։

— Իմ կառավարիչը։

— Նեմե՞ց է։

— Հայ է, հաշտարխանցի։

— Կարլ Մարկիչ,— կրկնեց Սերգեյ Իվանիչը (այսպես Էր հաստափորի անունը), աչքերը չռելով և յուր դեմքի վրա խաղացնելով զարմացական ժպիտ։

— Գասպարն է, ծերունին, ճանաչո՞ւմ ես խո նրան։

— Գասպարը... հը՛մ... ես էլ ասում եմ այդ ինչ Կարլ է ,— ասաց Սերգեյ Իվանիչը հառաչելով, կարծես մի ծանրությունից ազատված։— Ինչո՞ւ է բերել տալիս Գասպարը յուր ընտանիքը։

— Ես եմ ասել, խեղճն առանց կնոջ տխրում է, ասացի մի լավություն անեմ։ Տներիցս մեկում նրա համար մի լավ բնակարան եմ նշանակել, թող ապրեն, քեֆ քաշեն։ Արժե Կարլ Մարկիչը. նա շատ լավ գործակատար է։

— Արժե, արժե, շատ ճշմարտասեր մարդ է, ղալբություն չգիտե։ Ես նրան լավ եմ ճանաչում։ Առաջ նա Հաշտարխանի ամենաառաջին վաճառականներից մեկն էր, բայց ընկերները խաբեցին, փողերը ձեռքից խլեցին և չոր տափի վրա թողեցին։ Նրա ընտանիքն էլ եմ ճանաչում։ Ռուսաստանից գալիս ես Հաշտարխանում նրանց մոտ գնացի, ինձ սուրճով հյուրասիրեցին։ Մի լավ տղա ունի և մի լավ աղջիկ։ Նրանք էլ գալի՞ս են։

— Գալիս են։ Որդուն ես շատ եմ հավանել, ուզում եմ