Բալախանիի նավթահանքերից մեկի վրա գործակատար նշանակել։
— Շատ լավ կանես, շատ լավ կանես, Պետր Ստեփանիչ, լավ տղա է, հոր նման ղոչաղ է։ Բայց ուրիշ բան է նրա աղջիկը, հրեշտակի գեղեցկություն ունի, Պետր Ստեփանիչ, ամբողջ Հաշտարխանի մեջ հատը չկա։
Այս ասելով, Սերգեյ Իվանիչն յուր յուղալի աչքերի բիբերը ոլորեց և ատամների վերին շարքով ներքին պռոշի ծայրը թեթևությամբ կծեց, նայելով ուղղակի Պետր Ստեփանիչի աչքերին։ Սա նույնպես մի վայրկյան նայեց նրա երեսին, ոչինչ չասաց և, կրկին հեռադիտակը մոտեցնելով աչքերին, սկսեց նայել շոգենավին։
— Առաջին անգամ, երբ ես նրան տեսա, քիչ մնաց որ խելքս կորցնեի,— շարունակեց շատախոսել Սերգեյ Իվանիչը։ — Ասացի, այ սրա նման կնիկ ունենա մարդ, որ պարզերես կարողանա հասարակության մեջ դուրս գալ։ Ինչ ֆորտոպիանի վրա ածել, ինչ պար գալ, ինչ խոսել թե՛ հայերեն և թե՛ ռուսերեն, մի խոսքով, ոսկի է ոտքից մինչև գլուխ։ Ա՛յ, նրա նման կնիկ ունենաս, հետդ տանես Ռուսաստան և բոլորին զարմացնես։ Բայց ափսոս, որ հայրն աղքատ է, Պետր Ստեփանիչ, թե չէ քեզ համար շատ լավ հարսնացու կլիներ։
Պետր Ստեփանիչը հեռադիտակի տակից ժպտաց և ոչինչ չպատասխանեց։
— Բավական հասակավոր աղջիկ է, բայց մինչև օրս ուզող չկա հոր աղքատության պատճառով։ Անիրավ Հաշտարխանում առանց օժիտի ոչ մի տղա աղջիկ չի վերցնում։
Պետր Ստեփանիչը հեռադիտակը հեռացրեց և, սպիտակ ու մաքուր թաշկինակով աչքերը սրբելով, միայն արտասանեց «հը՞մ», կարծես հարցնելով յուր խոսակցի միտքը։
— Ասում եմ մի մեծ ողորմություն կանես,— շարունակեց Սերգեյ Իվանիչը,— եթե նրան այստեղ մի լավ տղի տաս։
Պետր Ստեփանիչը, հեռադիտակը դնելով գրպանը, պատասխանեց.
— Նրա հայրը հարուստ եղած ժամանակ շատ անգամ է օգնել հորս... իհարկե, ես էլ պարտավոր եմ փոխարենը վճարել լավությունով։