Էջ:Shirvanzade, Collection works, vol. 4.djvu/94

Այս էջը հաստատված է

շատ խաղաղ էր,— հակառակեց Կատերինա Կարլովնան, բռնելով յուր եղբոր թևից։

— Դո՞ւք ինչպես եք, Արտեմ Կարլիչ,— քաղաքավարության համար հարցրեց Պետր Ստեփանիչն երիտասարդին։

— Ինձ համար շատ ուրախ անցավ ժամանակը,— պատասխանեց Արտեմ Կարլիչը համեստությամբ, գլուխը քիչ թեքելով կրծքին։

Այսպես խոսելով հասան փողոց, ուր Պետր Ստեփանիչի շքեղ կառքն երկու առույգ ձիերով լծված սպասում էր նրանց։ Պետր Ստեփանիչն օգնեց օրիորդին և մորը կառք նստել, իսկ ինքն Արտեմ Կարլիչի հետ տեղավորվեց նրանց դեմ։ Մի քանի րոպեում արագընթաց ձիերը կառքը սլացրին դեպի ծովեզրյա ընդարձակ փողոցի ծայրը, ուր նա անհետացավ։ Սերգեյ Իվանիչը մնաց նրանց հետևից նայելով։

— Շառլատան, անառակ Դոլմազով, ես քո միտքը հասկացա,— արտասանեց նա։

Հետո, գլուխը խորհրդավոր կերպով շարժելով, կրկին վերադարձավ շոգենավ։

III

Կառքը կանգնեց քաղաքի լայն փողոցներից մեկի վրա գտնվող երկհարկանի նորաշեն տան առջև։ Դյուրաշարժ Պետր Ստեփանիչն արագապես ցած թռավ կառքից և օգնեց ցած իջնելու Կատերինա Կարլովնային ու նրա մորը։ Նա, առաջնորդելով, տարավ նրանց ներս և ցույց տվեց բակի ներսի շինության ներքին հարկում մի բնակարան, որ բաղկացած էր երեք սենյակներից։

— Այ, այս եմ պատրաստել տվել ձեզ համար։ Բшվակա՞ն է ձեզ, Մարիա Իվանովնա, երեք սենյակ, թե՞ չէ,— հարցրեց Պետր Ստեփանիչը պառավից, միևնույն ժամանակ նայելով աղջկա երեսին։

— Ցավդ առնեմ, ինչ կանենք այդքանը, չորս հոգուս համար երկուսն էլ բավական էր,— պատասխանեց Մարիա Իվանովնան, թեև հոգով շատ ուրախ կլիներ, եթե բնակարանն ավելի ընդարձակ լիներ։