Էջ:Shirvanzade, Collection works, vol. 4.djvu/95

Այս էջը հաստատված է

— Կարլ Մարկիչը գիշերները գործարանումն է լինում։ Արտեմ Կարլիչին էլ նշանակել եմ կառավարիչ Բալախանի, ուրեմն քաղաքում մնալու եք դուք և Կատերինա Կարլովնան և ոչ թե չորս հոգի։ Բայց վնաս չունի, թող ձեր տեղը լայն լինի, ես խոմ վարձով չեմ տալիս։ Տունն իմն է, ինչպես ուզում եմ, այնպես էլ անում եմ։

— Ցավդ առնեմ, շատ ապրես, բայց, Պետր Ստեփանիչ, Արտեմիս համար քաղաքում որ տեղ տաք — լավ կլինի։ Առանց նրան սիրտս կնեղանա։

— Հեշտ բան է, թող մի քիչ այնտեղի գործերի հետ ծանոթանա, հետո նրան քաղաքում մի լավ պաշտոն կտամ։

— Չէ, մամա, Բալախանին լավ է, ասում են այնտեղ զարմանալի բաներ կան,— մեջ մտավ Արտեմ Կարլիչը։

— Իհարկե, ինչ որ կա այնտեղ է, օդն էլ ավելի առողջարար է, քան թե այստեղ, քաղաքում, ուր փոշու և ծխի մեջ խեղդվում ենք։

— Ինչպես ձեր քեֆն է, այնպես արեք, մենք էլ ձերն ենք, Պետր Ստեփանիչ,— ասաց Մարիա Իվանովնան և սկսեց դիտել բնակարանը։

Քառորդ ժամ նորեկները Պետր Ստեփանիչի հետ միասին պտտեցին սենյակները, հետո խոհանոցը, ուշադրությամբ զննելով ամեն մի անկյուն։

— Այ, մամա, այս իմ սենյակը կլինի,— ասաց օրիորդը,— կանգնելով սենյակներից մեկում։ Ես այս պատուհանի տակ կդնեմ իմ դաշնամուրը։ Իսկ դու և պապան մյուս սենյակում կապրեք, այն կողմինն էլ Արտեմի համար կսարքենք։

Բոլոր ժամանակ Պետր Ստեփանիչն յուր հայացքը չէր հեռացնում Կատերինա Կարլովնայից։ Նա հափշտակված էր օրիորդի իրանի նուրբ կազմվածքով, պարզ և հրապուրիչ դեմքով, փայլուն աչքերով, նազելի շարժվածքով։ Ամեն անգամ օրիորդը խոսելիս, նա աչքերը հառում էր նրա երեսին և ագահությամբ նայում։ Այդ ժամանակ նրա ամբողջ մարմնով, կարծես, անցնում էր էլեկտրական ցնցում, և նրա փոքրիկ կապկային աչքերի մեջ փայլում էր անասնական կիրքն յուր բոլոր ուժով։ Նա անդադար աչքերը կուչ բերելով, քաղցրությամբ ժպտում էր օրիորդի երեսին, և այդ ժամանակ նրա