Էջ:Shirvanzade, Collection works, vol. 5.djvu/10

Այս էջը հաստատված է

Կավալլարոն, յուր բարի աչքերը թանձր ունքերի տակից դարձնելով դեպի ինձ,— և հպարտությունը սազում է նրա հեզությանը։ Սինյոր, նրա կերպարանքն ինձ միշտ հիշեցնում է իմ եղբորը։ Տաղանդավոր ջութակահար էր, մեռավ քսան տարեկան հասակում թևերիս վրա։

— Դուք ճանաչո՞ւմ եք Լևոնին,— դիմեց ինձ օրիորդ Ռաիսան, հրեուհի ատամնաբույժը։

— Ո՞չ։ Երևակայեցեք, հարևաններ, պարոնը մեր արտիստին չի ճանաչում։

— Օ՜օ, այդ աններելի է,— գոչեցին Լուիզան ու Լուկրեցիա Կաֆարելլին։

— Իմ կարծիքով,— ասաց Կավալլարոն,— ով գեղարվեստասեր է, իրավունք չունի Լևոնին չճանաչելու։ Նա իսկական արտիստ է, այո, հոգով, սրտով, արյունով, ամբողջ էությամբ արտիստ։

Իմ հետաքրքրությունը բոլորովին գրգռվեց։ Ո՞վ է, վերջապես, այդ մանուկը, որ այդքան գրավել էր հարևաններիս համակրանքը։

— Եթե կամենում եք, իսկույն կծանոթանաք,— ասաց Լուիզան․— արժե այցելել նրան յուր ապարանքում։ Գիտե՞ք ինչ,— դարձավ նա ընդհանուրին,— վատ չի լինիլ, եթե խմբովին գնանք մեր արտիստի հիվանդ մորը տեսնելու։ Այո՛, վատ չի լինի․․․ Ես գնում եմ, ով ուզում է, թո՛ղ հետևե ինձ։

Այս ասելով, նա անմիջապես դիմեց դեպի դռները։ Բացի ուսանողից և երկրորդական բարիտոն Բորելլիից, բոլորս հետևեցինք նրան, նույնիսկ հաստամարմին Լուկրեցիա Կաֆարելլին։

Արտիստը բնակվում էր նույն տանվերին հարկում, Լուիզան մեզ առաջնորդեց դեպի գլխավոր սանդուղքը, բարձրացանք չորրորդ հարկը։ Այնտեղից նեղ, կեղտոտ, փայտյա սանդուղքով հասանք հինգերորդ հարկը, մտանք մի մթին անցք։ Անմիջապես խփեց մեր քթին ճարպի մեջ տապակվող մսի անախորժ հոտը։

Լուիզան կանգ առավ մեկթևանի մի ցածր դռան առջև։

— Սինյոր Չելլինի,— ասաց նա,— ձեզ համար պիտի առաստաղը մի ֆուտ բարձրացնել։