Էջ:Shirvanzade, Collection works, vol. 5.djvu/102

Այս էջը հաստատված է

մի օր ասել քեզ այս դառն ճշմարտությունը և ահա այսօր ասում եմ, դու խորին ինքնախաբեության մեջ ես։

— Ինչի՞ վերաբերմամբ։

— Քո գրական ձիրքի։ Այո, այո, քո գրական ձիրքի, քո այսպես ասած ստեղծագործական շնորհքի վերաբերմամբ, լսիր, դու արդեն հասել ես ծերության առաջին շրջանին։ Քառասունհինգ տարին այնպիսի հասակ է, որ տղամարդը կարող է սառնարյուն լռել նույնիսկ ամենանվիրական ճշմարտությունների մասին։ Ասում եմ քեզ, որպես քո հատուկենտ ընթերցողներից մեկը— դու շնորհք չունես։ Քսանուհինգ տարի է դու միայն անհաջողությունների ես հանդիպում, դու պետք է զգայիր այդ․․․

— Հետո՞, հետո՞,— պատասխանեց Ավալյանը, զգալով, որ արյունը սկսում է գլուխը տալ։

— Հետո այն, սիրելիս, որ լինելով մի հասարակ արհեստավոր, այն էլ ոչ բավականաչափ ճարպիկ, քեզ արտիստ ես համարում։ Պարզ և անկեղծ ասում եմ, քո գրիչը ոչ մի ազդերություն չունի քո փոքրաթիվ ընթերցոգների վրա։ Ես ավելին կասեմ, քեզ ծաղրում են ամենքը, որոնք երբևիցե քո գրածներից կարդացել են գեթ մի քանի տողեր, ծաղրում են քո հավակնությունը, քո մեծամտությունը, քո մանկական մտքերը, որոնց դու ծիծաղելի լրջությամբ համարում ես խորը փիլիսոփայություն։ Ես բարեխղճաբար կարդացել եմ քո բոլոր երկերը։ Հավատացնում եմ, անկեղծ հոգով ցանկացել եմ նրանց մեջ գտնել որևէ ստեղծագործական շունչ և չեմ գտել։ Քո բոլոր մտքերը հնամաշ կրկնություններ են։ Կարող եմ ասել, որ դու իսկի ոճ էլ չունես, գիտես բառերը քիչ թե շատ քերականորեն դասավորել և ուրիշ ոչինչ, այդ է քո ամբողջ ունակությունը։ Չորս գրքույկներ իրարու վրա կարդացի և ոչ մի սրամիտ դարձված կամ գեղեցիկ համեմատություն չգտա, ողորմելի, և դու քեզ երևակայում ես բանաստեղծ, վիպասան, դրամատուրգ և չգիտեմ էլ ինչ։ Դեռ երեկ քո անկեղծ բարեկամներից մեկը ասում էր գրեթե միևնույնը, ինչ որ ես այժմ ասում եմ։ Բարեկամս, քսանուհինգ տարի է գրում ես և մինչև այսօր քո ոչ մի գործը լուրջ քննադատության կամ վիճաբանության չի արժանացել։ Շատ, շատ քո