մասին երբեմն գրել են մի քանի սառը տողեր, որոնք ավելի ներողամտություն են արտահայտել, քան հարգանք։ Մի՞թե այսքանը բավական չէ, որ դու վերջապես սթափվես։
— Ինձ չեն հասկանում, որովհետև ես ամբոխի համար չեմ գրում,— գոչեց Ավալյանը,— որովհետև իմ գործերը գաճաճների ճաշակի համար չեն գրվում։ Որովհետև իմ գաղափարներն անմատչելի են ամբոխին։ Որովհետև արհամարհում եմ հասարակության, մամուլի և բոլոր այն պարոնների կարծիքը, որոնց հետ դու շփվում ես։
— Երկինքը վկա, այդ խոսքերը ծիծաղելի են քո բերնում,— ընդհատեց հյուրը անկեղծ կարեկցությամբ։ Արհամարհում եմ հասարակության և մամուլի կարծիքը։ Կարելի է միթե արհամարհել մի բան, որ գոյություն չունի։ Ես քեզ ասում եմ, որ քո մասին տիրում է կարծիքների կատարյալ բացակայություն։ Հասկացիր, վերջապես, այդ բանը, խեղճ մարդ և մի կրկնիր չգնահատված հանճարների սովորական երգը։ Բայց բավական է, ես իմն ասացի, մնացյալը դու գիտես։
Եվ հյուրը ոտքի ելավ դուրս գնալու։
Ավալյանը անցուդարձ անելով, կատաղությունից շրթունքներն էր կրծոտում։ Նրան թվում էր, որ խոսողն իր ոխերիմ թշնամին է, եկել է հատկապես նրա աչքերի առջև ոտնատակ անելու նրա սրբությունը։
— Ես ծիծաղում եմ քեզ վրա, ես քեզ խղճում եմ,— կարողացավ նա միայն արտասանել։
— Կեղծում ես, բարեկամ, դու չես ծիծաղում, այլ կատաղում ես։ Ծիծաղողը սառն է լինում, իսկ դու բորբոքվում ես, հենց միայն այդքանը գեղեցիկ ապացույց է, որ դու զգում ես իմ ասածների ճշմարտությունը։ Բարեկամս, գիտեմ ես, որ կոպիտ եմ վարվում, դիպչելով քո հոգու հիվանդոտ տեղին։ Բայց ինչ արած, ճշմարտությունն ամենից առաջ։ Ահ, ինքնախաբեության զոհ, ուշքի եկ, վերջապես խեղճ է քո ընտանիքը, խեղճ ես դու։ Մի տանջիր քեզ ու քո մերձավորներին։ Գիտեմ, դժվար է և դառը հիասթափվելը, բայց պետք է քեզ հիասթափեցնել։ Դու հիպնոզի ես ենթարկված. մի անգամ ինքդ քեզ ներշնչել ես մի սխալ գաղափար, և նա տարիների