նրանց այդ դրության մեջ տեսնելիս: Կարծես թափառական, մուրացիկ գնչուներ լինեն։ Նրանց բզկտված բաճկոնները, պատառոտված կոշիկները, որոնց միջից երևում են նիհար սրունքները, մի-մի բողոք են քո հանցավոր անհոգության դեմ։ Այնինչ դու անսիրտ հայր չես, այլ բարի և շատ բարի։ Մտածիր և ինքդ քեզ հարցրու, արդյոք քո անփութությունը անբարոյականության հավասար չէ՞։ Արդյոք մի տեսակ զազրելի պարազիտ չե՞ս, կպած ժողովրդի մարմնին։ Ես շատ անգամ եմ քեզանից լսել գանգատներ հայ հասարակության դեմ, շատ անգամ ես դու նրա հասցեին շպրտել վիրավորական կշտամբանքներ, թե գռեհիկ է, չգիտե արժանավայել գնահատել և վարձատրել իր մտավոր աշխատավորներին, այսինքն՝ քեզ և քեզ նմաններին։ Ասա՛ ինչո՞ւ, ի՞նչ իրավունքով։ Ո՞վ է քեզանից պահանջում զոհաբերություն կամ ո՞վ է կարոտ քո ոգևորությանը։ Ինչո՞ւ ես զոռով չգնահատված մարգարե ձևանում։ Ո՞ւմ են որևէ օգուտ տվել քո տափակ ոճով արտահայտած տափակ մտքերը, հո չի կարելի բռնի կերպով հաստատել, թե դու հայ ազգի փրկիչն ես։ Չէ՞ որ բացի քեզնից պետք է մի ուրիշն էլ զգա քո կարևորությունը։ Հապա ո՞վ է զգում, ասա, ցույց տուր գոնե մեկին: Միթե բոլորն էլ հիմար են կամ թշնամի, նախանձոտ, տգետ։ Այո, խոսք չունեմ, ինչպես ամենուրեք մեր մեջ ևս կան չվարձատրված տաղանդներ, գիտեմ։ Բայց երդվում եմ ճշմարտության անունով, որ դու նրանց շարքին չես պատկանում։ Հավատա, ամենից ավելի հենց նրանց աչքում ես ծաղրելի, ամենից առաջ հենց նրանք են քեզ արհամարհում։
Նա լուսամուտը փակեց և նորից նստեց։
Քանի մի վայրկյան տիրեց լռություն։ Ավալյանն անցել էր սենյակի մի անկյունը և, մեջքը պատին տված լսում էր։ Նրա վտիտ մարմինը կծկվել էր ու փոքրացել այնպես, որ թվում էր, թե մի պահ ևս, և նա բոլորովին պիտի չքանա: Կինը նայում էր նրան, սրտի խորքում կարեկցում։ Ծանր էր նրա համար լսել եղբոր անողոք քննադատությունը իր զավակների հոր մասին և պատրաստ էր պաշտպանել նրան: Բայց ինչպես, ինչ ասել, չգիտեր։
— Ես հասկանում եմ ձեզ,— արտասանեց Ավալյանը