Էջ:Shirvanzade, Collection works, vol. 5.djvu/107

Այս էջը հաստատված է

տաղանդների օրինակին: Չեմ վիճում, քույրս շատ էլ մեծ մտավոր զարգացում չունի, բայց նա զուրկ չէ առողջ բանականությունից և արժանավորներին գնահատելու ճաշակից: Նա ունի գոնե շնորհալին անշնորհքից զանազանելու չափ ունակություն։ Հավատա, եթե դու տաղանդ լինեիր, վաղուց նրան գրաված կլինեիր: Վերջապես, ես ինքս կստիպեի նրան համբերությամբ կրել կյանքի նյութական զրկանքները, հանուն քո սուրբ կոչման։ Բայց դու չունիս կոչում, բարեկամ, չունիս, ինչո՞ւ ես անհաջողությանդ պատճառները նրա վրա ձգում։ Տաղա՜նդ... տաղանդն այնպիսի մի ուժ է, որի առջև վաղ թե ուշ խորտակվում են բոլոր պատնեշները և փարատվում է ամեն մի խավար։ Նրա դեմ անզոր է և՛ տգիտությունը, և՛ նախանձը, և՛ ատելությունը, ամեն ինչ: Քսանուհինգ տարի է դու կռվում ես, ասա՛, հաղթե՞լ ես որևէ նախապաշարմունք, մի սխալ կարծիք. մի թյուր հասկացողություն, լսե՞լ են երբևէ քո ձայնը, հարցրե՞լ են գեթ մի անգամ քո կարծիքը այս կամ այն հասարակական գործի մասին։ Ունի՞ս դու գոնե մի հատիկ երկրպագու չեմ ասում, այլ պարզ հետևորդ, ուզում եմ ասել աշակերտ։ Հո չի կարելի շարունակ դատարկ խոսքերով կերակրվել և սնոտի երազների մեջ թմրել։ Մի բան ևս, ասում ես, թե քո մեջ ուժ ես զգում, բայց չէ՛ որ խելագարներ կան, որ հավատացած են, թե կարող են դարավոր կաղնին արմատահան անել իրանց ձեռքերով և երբ փորձում են, թավալվում են գետնին։ Սակայն ներիր, ես նույնիսկ չեմ հավատում թե դու որևէ ուժ զգում ես քո մեջ։ Այո, այո, չեմ հավատում, դու միայն կարծում ես, թե զգում ես այդպիսի ուժ, ավելի ճիշտն ասած, քեզ համար ցանկալի է զգալ։ Հարցրու հոգուդ, և էլի կտեսնես, որ երբեք անկեղծորեն չես հավատացել քո կոչմանը: Դու ինքդ քեզ համար արհեստականորեն մի իլյուզիա ես ստեղծել և քեզ համար հաճելի է ապրել այդ իլյուզիայով։ Մի րոպե արթնացիր, մարդ, թող քո երևակայությունը, վերլուծիր ինքդ քեզ, և, հավատացած եմ, քո ամենախիստ դատավճիռն ինքդ կտաս։ Աա՜, ճշմարիտ չէ՞ իմ ասածը, դու դե՞մ ես, խոսիր, հերքիր, եթե կարող ես, միայն անկեղծ եղիր, հասկանո՞ւմ ես, միայն անկեղծ եղիր, խոսիր սրտիդ