Էջ:Shirvanzade, Collection works, vol. 5.djvu/108

Այս էջը հաստատված է

խորքից և ոչ հանճարների բերնից գողացած խոսքերով: Այ, հենց այժմ, այս րոպեին դու նման ես այն հիվանդին, որ համոզված է, թե շուտով մեռնելու է և դարձյալ ուզում է հավատալ, որ պիտի առողջանա և ինչո՞ւ, որովհետև թուլամորթների համար հույսը զորություն է, իսկ հուսախաբվելը` մահ...

— Բավական է, բավական է,— աղաղակեց Ավալյանը գրեթե շնչասպառ,— ես քեզ արգելում եմ խոսել։ Դուրս այստեղից, սատանա, դուրս, զազրելի օձ, դու թունավորում ես իմ հոգին։ Ես չեմ ուզում քեզ լսել, չեմ կարող լսել։

Բայց արդեն ուշ էր։ Հյուրի անողորմ խոսքերի մեջ զգացել էր դառը ճշմարտությունը։ Երբեք նա այնպես տանջված չէր: Ահ, այդ կոպիտ մարդու պարզ խոսքերով խոսում է ինքը հասարակությունը։ Այո, այո, նա չգնահատված, չհասկացված տաղանդ չէ, այլ ընդհակառակը, շատ հասկացված, շատ արհամարհված անքանքարություն։ Միանգամայն ճիշտ է, որ նա այդ բանը զգում է վաղուց։ Քանի-քանի անգամ սառը, դաժան բանականությունը շշնջել է նրան: Ավալյան, դու ստեղծագործող չես, դու մոլորված ես, դու միջակություն ես և ավելի արհամարհելի, քան միջակությունը։ Բայց հավատալն ու հուսալը ավելի հաճելի է եղել, քան հուսախաբ լինելը։ Այո, նա արվեստաբար սնուցել էր իր մեջ ֆանատիկոսի հավատ դեպի իր չունեցած գանձը և հետզհետե աստիճանաբար ենթարկվել է այդ հավատին ինչպես մի ֆակիր, որ ժամերով իր ոտների ծայրերին նայելով աշխատում է Նիրվանը ճաշակել և երևակայել, թե ճաշակեց, ինչպես մի ստախոս, որ մի հայտնի սուտ հաճախ կրկնելով, վերջ ի վերջո ինքն էլ հավատում է յուր ստին։ Եղել են վայրկյաններ, որ նա փափագել է խոստովանել իր մոլորությունը և քաջություն չի ունեցել խոստովանելու։ նա կեղծիքը գերադասել է հոգու հատակից ձայնող ճշմարտությանը, որովհետև կեղծիքը շոյել է նրա ինքնասիրությունը, իսկ ճշմարտությունը մտրակել է նրան։

Նա նայեց կնոջը և նրա դեմքի վրա կարդաց վիրավորիչ կարեցկություն։ Նայեց հյուրին — նույն արտահայտությունը։ Որպես դաժանորեն դատապարտված մեկը նա ցանկություն զգաց հարձակվել անողոք դատավորների վրա և