Էջ:Shirvanzade, Collection works, vol. 5.djvu/109

Այս էջը հաստատված է

խեղդամահ անել նրանց։ Նա պատրաստ էր արտասանել ամենագռեհիկ, ամենավիրավորական մի հայհոյանք իր կնոջ ու նրա եղբոր հասցեին, բայց ամոթի զգացումը թույլ չտվեց նրան այդ անելու։ Թուլացած և ուժասպառ նա նստեց աթոռի վրա գրասեղանի քով և գլուխը դրեց ձեռների ափերի մեջ։ Քսանուհինգ տարի նա աշխատել է այդ սեղանի քով մոլեռանդ տոկունությամբ, հիվանդոտ երևակայությամբ իր ոտների տակ ստեղծելով նախանձելի համբավի պատվանդանը։ Եվ ահա, այսօր, նրան շոշափելի փաստերով ապացուցում են, թե փխրուն է այդ պատվանդանը, և նա պետք է տապալվի գետին և կործանվի։ Ինչ-որ մի բուք բարձրացավ ներսից և սկսեց խեղդել նրա կոկորդը։ Նա պահանջ զգաց բարձրաձայն հեկեկալու ինչպես մի մանուկ, որի աչքերի առջև ջարդուփշուր էին արել նրա ամենաթանկագին խաղալիքը։ Բայց կեղծ ինքնասիրությունը, որ այնքան ստրկացրել էր նրան, այս անգամ ևս օգնության հասավ։ Նա կարողացավ զսպել իրան, բայց կատաղությունը սկսեց կրծոտել իր ձեռները։

Հյուրը նրա ոսկրոտ թիկունքների ցնցումներից զգաց անտանելի հոգեկան տանջանքը։ Մի վայրկյան զղջաց, որ այնքան խիստ վարվեց ողորմելի մարդու հետ։ Բայց նայեց շուրջը, ուր տիրում էր հուսահատական չքավորությունը, նայեց քրոջ հյուծված կերպարանքին և նորեն լսեց նրա լացը։ Եվ ասաց իրեն, թե պարտավոր էր այդպես վարվել, ոչ մի մխիթարական խոսք, ոչ մի խրախուսանք։

Դռները աղմուկով բացվեցին, ներս վազեցին Ավալյանի զավակները — երկու պղնձագույն էակներ իրանց ցնցոտիների մեջ։ Աղքատությունը կարծես ծծել էր նրանց կյանքի հյութը դեռափթիթ հասակում։ Նրանց նիհար, հիվանդոտ դեմքերի վրա չկար մանկական աշխուժության և ոչ մի նշույլ։ Վաղաժամ թախիծը պարուրել էր նրանց աչքերի պայծառությունը։

Նրանք կանգ առան սենյակի մեջտեղում և նայեցին նախ իրենց մորը, ապա հորը։ Հասկացան անմիջապես, որ նրանք դարձյալ ընդհարվել են և դարձյալ միմյանց վիրավորել։ Սովորական տեսարան, որ ամեն օր կրկնվելով, մանուկ