կանուխ և վերադառնում էր ճաշին։ Գրասեղանին չէր մոտենում, չէր գրում և ոչ էլ կարդում էր։
Կնոջ ու երեխաների վրա չէր գոռում, չէր հանդիմանում նրանց, թե խանգարում են նրան պարապելու։ Լուռ էր, սովորականից ավելի մտազբաղ, տխուր։
Մի օր նա, տուն վերադառնալով, ասաց․
— Այժմ դու կարող ես հանգստանալ, ես գործ գտա։ Ինձ տվել են երկու մասնավոր դասեր մի հարուստ ընտանիքում։
— Ահ, փառք աստծու,— չկարողացավ թաքցնել իր ուրախությանը կինը,— այժմ գոնե օրվա հացը կունենանք։
— Այո, կունենանք, կունենանք,— կրկնեց Ավալյանը ներվայնաբար։
Արդարև, մի քանի ամիս նրանք հաշտ էին։ Կարելի էր կարծել, որ խռովություններն առմիշտ փախել են այդ ընտանիքից, ուր նրանք բույն էին դրել տասներկու տարի։ Ոչ մարդն էր բորբոքվում ու գոռում, ոչ կինն էր գանգատվում, լալիս։ Շուտով երեխաների վրա երևացին նոր հագուստներ և ոտներին նոր կոշիկներ։
Բայց Միսակը շարունակ լուռ էր, կնոջ ոչ մի հարցին չէր պատասխանում, երեխաներին չէր փաղաքշում։
Մի անգամ նա տուն վերադարձավ արտաքո կարգի գրգռված և ասաց.
— Ես դասերից հրաժարվեցի։
Կինը սարսափեց։
— Ինչո՞ւ,— հարցրեց նա դողալով։
— Հենց այնպես, չեմ ուզում պարապել։ Չեմ կարող, տանջվում եմ։
Նա մոտեցավ գրասեղանին և դուրս բերեց այնտեղից իր անավարտ ձեռագիրը։
— Տեսնո՞ւմ ես.— գոչեց, ձեռը զարկելով ձեռագրին,— ես չեմ կարող զավակս թաղել գերեզմանում, չեմ կարող։ Թող քո եղբայրը չպարծենա, թե ինձ շիտակ ճանապարհի վրա դրեց իր ողորմելի համոզումներով։ Ինձ ուղղել ոչ ոք չի կարող, ոչ ոք։ Ահա նա, գալիս է իմ կարծեցյալ ուսուցիչը։ Տես, ինչ ինքնագոհություն է արտահայտում նրա կոշտ