Էջ:Shirvanzade, Collection works, vol. 5.djvu/114

Այս էջը հաստատված է

գլխարկով մի մարդ և, տասն անգամ ներողություն խնդրելեվ, նստեց իմ դեմ։ Իսկապես բոլոր տեղերը բռնված էին, բայց մարդն այնուամենայնիվ նստեց, աշխատելով կարելույն չափ իր մարմինը փոքրացնել։

Տեսե՞լ եք արդյոք մի տղամարդ, որի դեմքը ներկայացնե գեղեցկի և տգեղի զարմանալի խառնուրդ։ Երևակայեցեք հորիլլոյի դնչից և ամենագեղեցիկ դեմքի մի հյուսվածք, և դուք կունենաք մոտավորապես նորեկ հարևանիս պատկերը. նրա քառակուսի ծնոտը, տափակ քիթը, լայն բերանը, հաստ շրթունքները, խոշոր կինամոնագույն աչքերի խելացի արտահայտության և կանոնավոր կազմված գլխի, սիրուն ճակատի և նուրբ հոնքերի գեղեցկության հետ։

Նստեց թե չէ այդ մարդը, սկսեց ոտքից մինչև գլուխ զննել մեզ խիստ հետաքրքիր հայացքով․ չմոռանալով նայել իրեղեններիս։ Հրեայի ախտ դարձած հետաքրքրություն, որ ուղում է անպատճառ իմանալ, ո՞վքեր են իր ուղեկիցները, ի՞նչ դիրք ունին, ո՞ւր են գնում և ինչո՞ւ։ Հենց այս հաակությունն է, որ ճանապարհորդության մեջ նրան դարձնում է մերթ ցանկալի և համակրելի ընկեր, մերթ ձանձրալի և ատելի ուղեկից։

Վերջապես նորեկը հեռացրեց մեզանից իր խուզարկու հայացքը, երևի գուշակելով, որ մեզ շատ էլ դուրեկան չէ այն։

— Ֆեյլդման,— դարձավ նա իր ազգականներից մեկին,- քսանմեկ կխաղա՞ս։

— Այ-վա՛յ, ժամանակ չկա,- պատասխանեց Ֆեյլդմանը, որ նստած էր մեր կողքի փոքրիկ բազմոցի վրա վերջապես ես քաղցած եմ, ուտել եմ ուզում։

Դա մի փոքրիկ, շատ փոքրիկ, արագաշարժ և արագախոս ծերուկ էր, պստիկ, ճերմակ միրուքով ու թավ սև ունքերով։ Նա անմիջապես իր ոտների տակից «այ-վայ» անելով դուրս բերեց և ծնկների վրա դրեց մի զամբյուղ, ոսկեղենով լիքը։ Շուտով մեր վագոնում տարածվեց կանաչ սոխի և ինչ-որ ապխտած ձկան հոտ։ Ֆեյլդմանն ուտում էր կապիկի պես, այսինքն՝ երկու ձեռները մոտեցնելով բերանին, բայց արագ-արագ և արագ-արագ ճպճպելով աչքերը։