անտառները։ Աջ ու ձախ երևում էին գյուղեր, ագարակներ մերթ ընդ մերթ ամառային դղյակներ,— մի Ժամանակվա փարթամ Լեհաստանի բեկորները։ Ոչխարների հոտերը և ձիերի երամակները արածում էին աշնանային դեղնագույն կանաչը, անտառների մեջ ցրված։ Գյուղացիները հերկում էին ոսկեգույն հողը, ուշադրություն չդարձնելով անցնող կառախմբի վրա։ Գեղջկուհիները իրանց կապույտ գոգնոցների մեջ ժողովում էին կաղամբ, գետնախնձոր, եգիպտացորեն, որ մեծ մասամբ երկաթուղու գծի մոտ էին ցանված։ Տեղ-տեղ, խոշոր տերևների միջից ժպտում էին հասուն դդումներ, իսկ արևածաղկի դեղին աչքերն ապուշ-ապուշ նայում էին մայր մտնող արեգակին, ծծելով նրա վերջին ճառագայթները։
Աշխատանքը եռում էր, բայց կյանքը մեռած էր։ Մարդկանց հոգնած դեմքից չէր նկատվում զվարթություն, այն, ինչ որ բանաստեղծի երևակայությունն է հորինում գյուղական կյանքի համար։ Չէր երևում, որ այստեղ մարդիկ պարում են ու երգգում և իրենց կայտառ քրքիջը միացնում բնության երգեհոնին, այնպես, ինչպես ես տեսա Բելգիայի սքանչելի մարգերում։ Մռայլ դեմքերի և կորացած մեջքերի վրա զգացվում էր քաղաքական հեղձուցիչ մթնոլորտի ճնշումը։ Արդեն Վարշավայում պայթող, ռումբերի թնդյունը արձագանք էր գտել Լեհաստանի գյուղերում։ Արդեն իր գոռոզությամբ և պատմական կամակորությամբ նշանավոր ժողովուրդն արթնացել էր հարյուր տարվա թունավոր նիրհից և ականջ էր դնում դեպի հյուսիս։ Նա բռունցքները սեղմում էր կատաղի, ատամները կրճտում էր բորբոքված և մռնչում վանդակի մեջ փակված վագրի պես։ Բայց... տակավին անզոր...
Սիրուն է Լեհաստանն իր երկրի մակերևույթից հազիվհազ բարձրացող բթածայր բլուրներով, խիտ անտառներով, ոչ խոր ձորերով, պարզ գետակներով և ոչ պարզ երկնքով։ Այնտեղ երկիրն այնքան դաժան և մերկ չէ, որքան բուն Ռուսիայում, այդ անվերջ անապատներում։ Այնտեղ գյուղացու տնակը ռուս մուժիկի խրճիթից տարբերվում է, որովհետև տնակ է իր եվրոպական ձևով և եվրոպական