մաքրությամբ։ Զգում ես, որ երկիրը բռնած է մի ընդունակ ազգ, որի հարուստ պատմությունը միայն արյունոտ էջերից չի կազմված և որի զավակների միակ պարծանքը անցյալի ու ներկայի կրած բռնությունը չէ...
Հրեան հայացքը հեռացրեց պատուհանից։ Ես ևս։ Նա նայեց աղջկաս մեղմ հայացքով, որքան թույլ էր տալիս դեմքը և ասաց.
— Աա՜, մագմուազել, էլի դու ականջիս ես նայսւմ։ Օօ՜, ծիծաղի՛ր, ծիծաղի՛ր, քանի որ կարող ես․ շուտով այդ ապրանքը կթանկանա։
Եվ արագությամբ դարձավ ինձ.
— Պարոն, կորած ականջս պատմություն ունի, կարո՞ղ եք երևակայել։
— Ձեր ակա՞նջը։
— Այո՛, իմ այս անիծյալ ականջը,— կրկնեց նա երկու մատների ծայրով քաշելով կարմիր բլթակը, որ չորացած բակլայի էր նման,— կկամենա՞ք լսել։ Բնորոշ է, պարոն, շատ բնորոշ մեր ժամանակների համար։ Աա՜, ի՞նչ կասեք, չէ՞ որ պետք է մի բանով զբաղվել ճանապարհին։ Ֆեյլդմանը դեռ խփշտում է։ Հետո երևի չքանալու է։ Չէ՞ Ֆեյլդման, դու կարծեմ պիտի ննջես։
— Երեք կայարանից հետո կասեմ,— պատասխանեց Ֆեյլդմանը, յուղոտ մատները սրբելով մի գույնզգույն կեղտոտ թաշկինակով։
Ես ոչ միայն համաձայնվեցի լսել հարևանիս պատմությունը, այլև հետաքրքրվեցի։ Հրեայի պատմածը չի կարող անմիտ լինել։
— Լսեցեք,— սկսեց նա, գլխարկը դնելով ծնկների վրա,— բայց դեռ թույլ տվեք կապոցներս ուղղեմ։ Ըհը, այսպես, լսեցեք,— շարունակեց նա, այլևս միանգամայն ապահովելով իր համար ընդարձակ տեղ,— ես հրեա եմ, ոչ, ջհուդ եմ, բառիս իսկական իմաստով։ Իսրայելի զավակը, անունս է Ահարոն Այզելման։ Եվ ինչպես ջհուդ, իհարկե, առուտուրով եմ պարապում։ Ի՞նչ արած, Հայր Աբրահամը մեզ համար հող չի թողել, որ մշակենք․․․ Այնպես չէ՞, Ֆեյլդման։