Էջ:Shirvanzade, Collection works, vol. 5.djvu/126

Այս էջը հաստատված է

— Լռի՛ր, քոսոտ ջհուդ, լռի՛ր։

Մենք վրդովվեցինք։ Ագրինցևը դարձավ ինձ.

— Աա՜, Այզելմա՛ն, դու էլ այստե՞ղ ես։ Ժողովարանի անդամ ես ընտրվել։ Շնորհավորում եմ։ Բայց հեռո՛ւ, հեռո՛ւ նստիր մեզանից, հոտ է փչում։

— Հետաքրքրական է իմանալ,— ավելացրեց Ագրինցևի ընկերներից մեկը,— որ նույնպես հարբած էր,— հրեուհիները երբևէ մաքրո՞ւմ են իրենց եղունգները։

Կինս գունատվեց։ Նա կուշաթափվեր, եթե ևս նրան ժամանակին չտանեի դահլիճ։ Երբ մենակ վերադարձա սեղանատուն, տեսա, որ վեճը սուր կերպարանք է ստացել։ Ագրինցևը ոտքի էր կանգնել շիշը ձեռքին և սպասում էր հարձակվել սեղանակիցներիս վրա։ Ես միջամտեցի։ Եվ ահա՛ այդ միջոցին, պարոն Ագրինցևն ինձ ապտակեց։ Օօ՛, այսօր էլ երեսս այրվում է այդ հրապարակական վիրավորանքից։ Լսո՞ւմ եք, պարոն, նա ապտակեց ինձ հարյուր մարդկանց և մի այդչափ էյ կանանց ներկայությամբ։

— Եվ դուք չպատասխանեցի՞ք,— հարցրի ես հարևանիս։

— Ա՛խ, պարոն, ինչպե՞ս պատասխանեի,— գոչեց նա, դարձյալ ոտքի ելնելով,— եթե շունը կծում է, մի՞թե այդ նշանակում է, որ մարդն էլ պիտի կծի։ Ես, իհարկե բողոքեցի հասարակությանը, դիմեցի դատարանին։ Փաստաբանը լրագիրներում տպեց նամակ։ Եվ վերջ ի վերջո ես ինքս ստիպվեցի վերջ տալ վեճին, վախենալով հետևանքներից։

Հրեան մի քանի վայրկյան լռեց իր հուզմունքը զսպելու համար. ապա շարունակեց.

— Ագրինցևը քանի գնում, այնքան ավելի կատաղում էր։ Արդեն ես քշում էի նրան ասպարեզից։ Օ՜о, Շմուլ Մոզեր, Շմուլ Մոզեր, դու այժմ սնանկ ես, անցյալ պասկեքին կոպեկ չունեիր, որ մորդ համար «մացա» գնեիր։ Բայց համոզված եմ, որ մի օր դու կդառնաս Մորգան կամ Շվաբ և ամբողջ հարավային Ռուսիայի առուտուրը ձեռքումդ կունենաս։ Օ՜օ Շմուլ Մոզեր, Շմուլ Մոզեր, դու վաճառականության Սողոմոնն ես։ Դու էիր, որ շարունակ հորդորում էիր ինձ ընդարձակել մեր գործերը։ «Տես ասում էիր, ես այդ անիծյալ