Էջ:Shirvanzade, Collection works, vol. 5.djvu/13

Այս էջը հաստատված է

Չելլինին հետևեց նրան, ասելով, թե «արտիստի» մեռնելու ախորժակ չունի դեռ, կարիք չկար անհանգստանալու։

Նրանց դուրս գնալուց հետո սենյակն այնչափ գոնե ազատվեց, որ ես կարող էի դիտել շուրջս: Այն, ինչ որ տեսա, ինձ հաճելի զարմացում պատճառեց։ Մի անկյունում կախված էին աշխարհիս անվանի երաժշտապետների, նվագիչների, երգիչների ու երգչուհիների լուսանկարները հովհարի ձևով միմյանց միացրած: Մյուս անկյունում դրված էր մի փոքրիկ գրասեղան, ծանրաբեռնված զանազան էժանագին գեղարվեստական իրերով: Այնտեղ տեսա Բեթհովենի, Մոցարտի, Շեքսպիրի և Վագների կավյա կիսարձանիկները աղյուսի գույնով, մի հաստ խեցեղեն շվի, մի կոտրված սրինգ և ուրիշ այդպիսի պարագաներ։ Սեղանի առաջին պատից կախված էին մի կիթառ, մի մանդոլինա և մի ինչ-որ թատրոնական զգեստ՝ նման Ռիգոլետտոյի հագուստին։ Ամենահետաքրքրականը մի նկար էր պոլիտրայի վրա, որ ներկայացնում էր երկու պատանիների մենամարտությունը բռունցքներով մի փողոցային երգչուհու համար։ Աղջիկն ընկել էր մեջտեղ գզգզված մազերով և աշխատում էր բաժանել ախոյաններին...

— Տեսնո՞ւմ եք,— շշնջաց ականջիս Կավալլարոն,— երաժշտություն, նկարչություն, պոեզիա, ոչինչ չի մոռացված։

Այդ միջոցին հիվանդը շարունակում էր գանգատվել։

— Ահա երեք օր է, առավոտներն էլ երեսը չեմ տեսնում։ Նա չի քնում, Ստեֆանիա, չի քնում։ Չէ՞ որ կարող է հիվանդանալ, հետո ես ի՞նչ անեմ, ո՞վ կպահի ինձ։ Գիշեր-ցերեկ թատրոններումն է։ Հոր ցավը որդուն է անցել։ Անիծվի նրա գերեզմանը, օրս սևացրեց։

— Էլի՛ միևնույն գանգատները,— արտասանեց Լուիզան,— և ինչպե՜ս չի հոգնում այդ կինը։ Եսամո՜լ...

Արդարև, հիվանդի աչքերի մեջ երևում էր եսամոլի հոգի, թեև գեղեցիկ էին այդ աչքերն և դեռ բավական վառվռուն մոտ հիսուն տարեկան կնոջ թառամած դեմքի վրա։

Հրաժեշտ տալիս նկատեցի մի բան. Կավալլարոն թաքուն