Էջ:Shirvanzade, Collection works, vol. 5.djvu/132

Այս էջը հաստատված է

Երկուսն էլ դադարեցին այցելել Ագրինցևի տունը, մինչև անգամ ընդհատեցին նրա հետ ամեն մի ծանոթություն։ Այս մի մեծ հարված էր Ագրինցևի համար։ Լսեցի, որ նա մի քանի անգամ գնում է նահանգապետին բացատրություն տալու, չի ընդունում: Մեջ է ընկնում պատվարժան ավագ քահանա Վլադիմիրը, և հազիվ կարողանում է ոստիկանապետին միայն հաշտեցնել «պատրիոտ» Ագրինցևի հետ։ Այդ հայր Վլադիմիրն էլ մի պատիժ էր տեղական հրեաների համար։ Ամեն կիրակի իր քարոզներով գրգռում էր ռուս ամբոխին մեր դեմ: Եվ հաջողություն ունեցավ։

Ագրինցևը դիմեց մի ուրիշ միջոցի, իր գործակատարների բերանով տարածեց, թե ես ու Շմուլ Մոզերը լրտեսներ ենք։ Մի օր ինձ մոտ եկան երկու անծանոթ երիտասարդներ և բացատրություն պահանջեցին։ Մեջ ընկավ Ռաբինովիչը և նրանց բավարարություն տվեց։ Իհարկե, մենք կարողացանք մաքրել մեր անունը բայց չէ՞ որ այս տեսակ զպարտություններն անհետևանք չեն մնում։ Գտնվեցին թեթևամիտներ, որ մեզնից երես դարձրին։

Բայց այդ մեր գործին վնաս չբերեց։ Վերադարձան մեր բոլոր հին գնորդները, երբ հասկացան, որ մենք կրկնակի զպարտված ենք։

Նույն միջոցին Ագրինցևի գործերը քայքայվել էին այնպես, որ մեծ խելք էր հարկավոր նրանց ուղղելու համար։ Այնինչ Ագրինցևը զրկվել էր իր մեծ գլխում ամփոփված փոքրիկ ուղեղի մնացորդից էլ։ Դուրս եկավ, որ այդ մարդը պարտքերի մեջ խրված է ավելի, քան մենք կարող էինք սպասել:

Մի օր նրա մուրհակը բողոքի ենթարկվեց։

Դա ողբերգության սկիզբն էր. շարունակությունը շուտով տեսանք։ Մարդը կորցնում էր իր վարկը արագ-արագ։ Ֆաբրիկաներն արդեն կրճատել էին նրա կրեդիտը, իսկ մեկը միանգամայն մերժել էր։ Այս բոլորը մենք շատ լավ գիտեինք և նպաստում էինք։ Աշնան սկզբին նա նոր ապրանք չստացավ, իսկ հինը ամառվա ընթացքում կերվել էր ցեցից։

Ագրինցևն անզոր էր կանգնել անկման կես ճանապարհին։ Հարբում էր նա այժմ բոսյակի պես։ Մագազինը փոխեց կնոջ անունով, որովհետև ինքն արդեն սնանկ էր ճանաչված: