Էջ:Shirvanzade, Collection works, vol. 5.djvu/137

Այս էջը հաստատված է

որ մի օր պիտի այդպես ստորանաք իմ առջև։ Ուր է այժմ ձեր անցյալը։ Կարողություն չեմ ասում, այլ գոռոզություն։ Ո՞ւր են ձեր ուղղափառ հավատակիցները. ինչո՞ւ Մոսկվայի քրիստոնյա ֆաբրիկանտները ավելի առաջ բողոքեցին ձեր մուրհակները, քան Վարշավայի հրեաները։ Եթե դուք մարդ լինեիք, ես ձեզ չէի կործանիլ մինչև այդ աստիճան: Ցույց կտայի ձեր փրկության ճանապարհը։ Ախ, Սերգեյ Պախոմովիչ, Սերգեյ Պախոմովիչ, մի՞թե այժմ էլ խելքի չեք եկել, մի թե այժմ էլ ուզում եք ինձ ծաղրել։ Բայց չէ՞ որ դուք եք արժանի ծաղրի։ Ոչ, ոչ, պարոն, ոչ ծաղրի, այլ ցավակցության։ Նայեցեք ձեզ ոտքից մինչև գլուխ, ինչ օրի եք հասել։ Զգո՞ւմ եք, արդյոք, որ կորած եք հավիտյան։

Կարող եք երևակայել, պարոն. այն մարդը, որ կարելի է ասել, կյանքում չգիտեր ինչ ասել է արտասուք, հանկարծ արտասվեց, ինչպես մի ողորմելի կին։ Այստեղ ես նրան խղճացի, բայց միայն մի քանի րոպե։ Կարո՞ղ էի մոռանալ հենց միայն այն օրը, երբ նրա կի՛նը անպատվել էր կնոջս, գլխարկ պատրաստող ֆրանտուհու մոտ, անվանելով նրան... Օ՜о, ես պատրաստ էի այդ ամբարտավան քրիստոնյային կոշկիս կրունկով խփել և գցել ցեխի ամենաթանձր տեղը։ Թող նա այնտեղ խեղդվեր, ավելի լավ վիճակի արժանի չէ՞ր։

— Շարունակեցեք, Սերգեյ Պախոմովիչ, շարունակեցե՛ք,— ասացի ես կծու հեգնությամբ,— արտասուքը մաքրում է մեր հոգին կեղտերից։ Անշուշտ հայր Վլադիմիրը ձեզ ասած կլինի, որ զղջալը քրիստոնեի պարտավորություններից մեկն է։

Բայց, ավա՜ղ, նա չէր զղջում։

— Դու ծաղրում ես ինձ, անհավատ,— գոչեց նա, արտասուքն արագ սրբելով և ոտքի կանգնելով,— ես քեզ ցույց կտամ։

Ես հանդարտ ձայնով պատասխանեցի.

— Ո՛չ, Սերգեյ Պախոմովիչ, ո՛չ, ես այլևս ձեզանից երկյուղ չունիմ։ Դուք անզոր եք։ Լսեցե՛ք, դուք այժմ փող չունիք, վարկ չունիք, խելք չունիք, իսկ պատվի մասին չխոսենք։ Դուք ընկած եք, ով քրիստոնյա, այնպես, ինչպես միայն ձեր նմաններն են ընդունակ ընկնելու։ Եվ որովհետև