Լևոնի ձեռի ափի մեջ սեղմում էր մի ոսկեդրամ, պատանին հրաժարվում էր ընդունել։ Այդ ժամանակ բարիտոնը քայլերը դանդաղեցրեց, մնաց սենյակում, թույլ տալով, որ Լևոնը մեզ ուղեկցի։
Սինյորա Ստեֆանիան համառոտ պատմեց ինձ Լևոնի մասին հետևյալը։— Նրա հայրը եղել է թատրոնական վարսավիր և չափազանց գեղարվեստասեր։ Համեստ, գլուխը քաշ արհեստավորը հանկարծ անձնատուր է լինում հարբեցողության կործանիչ ախտին և ոչ առանց պատճառի։ Պարզվում է, որ անհույս սիրահարված է մի երգչուհու վրա։ Կուլիսների հետևում շուտով նա դառնում է ընդհանուր կատակների ու ծաղրի առարկա։ Արտիստներից սկսած մինչև վերջին թատրոնական ծառան ծիծաղում են նրա հանդուգն զգացման վրա դեպի մի գեղեցկուհի, որի երկրպագուների թվում անվանում են նաև տեղական քաղաքագլուխ, հայտնի միլիոնատեր ու բարեգործ հույն Մարազլիին․..
Հալածանքն ու ներքին վիշտը ներգործում են վարսավիրի վրա այնչափ, որ սրտի դառնությունն օղու մեջ անգամ չի կարողանում խեղդել։ Մի օր նա ծեծում է ռեժիսորին, որ ծաղրելիս է լինում նրա շինած մի կեղծամը, անվանելով նրան «սրիկա»։ Նրան զրկում են թատրոնական վարսավիրի պաշտոնից։ Այդ ժամանակից նա դառնում է օղու և փողոցների անդառնալի սեփականություն։ Եվ մի երեկո ոստիկանները գտնում են նրան մի ծառի տակ, ձյունի մեջ թավալված, բերում են տուն։ Երեք օր չանցած՝ մեռնում է տիֆից, թողնելով կնոջն ու զավակին ճակատագրի հաճույքին։
Այրին, ամուսնու արհեստից զզված ու տանջված, ութ տարեկան Լևոնին հանձնում է մի ատաղձագործի և ինքը սկսում ուրիշների համար ճերմակեղեն կարել։ Երկու ամիս չանցած՝ մանուկն արհեստանոցից փախչում է ուսումնարան։ Բարի մարդիկ տալիս են նրա ուսումնավարձը։ Նա սովորում է գրել-կարդալը։ Այրին հանձնում է նրան հագուստեղենի վաճառատուն։ Մանուկը չի մնում այնտեղ։ Մի աներևույթ ձեռք մղում է նրան դեպի թատրոն։ Նա դառնում է աֆիշներ բաժանող օրական հիսուն կոպեկով և թատրոնների վերնահարկը բարձրանալու իրավունքով։ Անցնում է