Էջ:Shirvanzade, Collection works, vol. 5.djvu/140

Այս էջը հաստատված է

ուզում ենք ապրել, իսկ դուք արդեն ապրում էիք։ Մենք բախտ էինք որոնում, իսկ դուք արդեն ունեիք այն։ Մենք դժգոհ էինք մեր վիճակից, իսկ դուք գոհ—ահա՛ ձեր դժբախտության հիմքը։ Ձեր խելքը և եռանդը նիրհում էր ձեր անբարտավանության մեջ, իսկ մենք արթուն էինք և պիտի կռվեինք։ Այսպիսի հանգամանքներում դժվա՞ր էր ձեզ թավալել գետին ու խեղդել։ Ոչ։ Եվ մենք թավալեցինք ու խեղդեցինք ձեզ։ Ի՞նչ եք ուզում այժմ մեզանից։ Ընկերանա՞լ։ Շատ բարի, համեցեք ընկերանանք։ Բայց ամեն մի ընկերություն հիմնվում է իրավունքների հավասարության վրա։ Տվեցեք ձեր իրավունքները մեզ էլ, կամ վերցրեք հազարավոր շղթաները մեր ձեռքերից ու ոտքերից, և մենք կարող ենք ընկերանալ։ Վերջապես, մեր վարք ու բարքերի մեջ կա ահագին անդունդ, նախ լեցրեք այն —հետո։ Դուք, պարոն Ագրինցև, ծնված եք գոռալու, հայհոյելու, հարբելու, ծեծելու, կոտրատելու և մատնելու համար։ Ախ, ի՛նչ երևելի ոստիկան կլինեիք դուք, եթե ժամանակին հասկանայիք։ Նայեցե՛ք. ձեր այդ խոշոր բազուկները, կարծես, ստեղծված են մեզ խեղճերիս բռնելու և բանտ դնելու համար։ Եվ դուք ուզում էիք, որ մենք չկարողանա՞նք հաղթել ձեզ վաճառականության մեջ։ Ի՜նչ կոպիտ մոլորություն։ Մեր հայրերը և մեր նախահայրերը, մեր հարյուրավոր սերունդները առևտրի մեջ են մաշել իրենց խելքը։

Ագրինցևը, այդ անհամբեր և ոչ ոքի հակաճառությանը չընդդիմացող մարդը, լուռ լսում էր Շմուլ Մոզերի թունավոր խոսքերը։ Երբ ընկերս ավարտեց, նա նայեց շուրջը նախանձի և չարության սուր հայացքով։ Ապա մոտեցավ ինձ մի քանի քայլ և ասաց.

— Այդ շան ձագին ես չեմ պատասխանիլ: Իմ հաշիվը քեզ հետ է։ Ահա ինչ կասեմ քեզ, Այզելման. տեսնում ես այս դանակը։ Սա քեզ համար է...

Նա գրպանից հանեց մի մեծ դանակ, ցույց տվեց և նորից դրեց գրպանը։ Աստված իմ. այս վայրկյանիս էլ աչքերիս առջև փայլում է նրա դեղնագույն կոթը։

— Անցան ամիսներ։ Այդ միջոցներին հրեաների դրությունը