սոսկալի էր։ Ինչ-որ անհայտ չար ոգիներ գործում էին եռանդով։ Պատրաստվում էր այն դժոխային անցքը, որի մասին գիտեք, պարոն, և որը հետո պիտի կրկնվեր ավելի զորեղ կերպով։
Մենք հիմար չէինք, գուշակում էինք: Երբեմն ժողովներ էինք անում, խորհրդակցում, բայց ի՞նչ կարող էինք անել։ Մեր թշնամին պարզ էր ով է. նա զորեղ էր, իսկ մենք տկար։ Պետք է դիմեինք իր իսկ օգնությանը և մեր դրությունն այս անգամ հիշեցնում էր առասպելական մկներին։
Նահանգապետը մերոնցից մի քանիսին ասել էր․
— Հրեաները երազումն էլ վտանգ են տեսնում։ Բայց ոչ մի երկրում այնքան նրանք բախտավոր ու ապահով չեն, որքան Ռուսաստանում։ Նրանք իրենք են ուրիշներին հալածում ու ճնշում։ Նրանք խռովարարներ են։
Եվ այլն, և այլն — պատմական խոսքեր, որ վաղը, մյուս օրը բեմերից պիտի արտասանվի իբրև ծաղր և ամոթ։
Մի երեկո խանութիս առջև նկատեցի Ագրինցևին։ Մի խումբ կասկածելի մարդկանցով շրջապատված՝ նա ինչ-որ խորհրդակցություն ուներ նրանց հետ։ Երբե՜ք քաղաքի կենտրոնական փողոցներում այդպիսի դեմքեր չէի տեսել։ Դա մարդկության այն տականքն էր, որ թափառում է մթին խորշերում, կեղտոտ անկյուններում։
Ես մոտեցա դռներին և պարզ լսեցի այս խոսքերը․
— Այս ամենահարուստ մագազիններից մեկն է մեր քաղաքում։ Մի ահագին սնդուկ կա ոսկով լի։ Բոլորը ձերը կլինի։ Բայց տիրոջը ձեռք չտաք․ նա իմն է…
Աչքերս մթնեցին, ոտքերս դողացին։ Եթե Ագրինցևը նկատեր իմ սարսափը, պիտի խնդար չարությամբ։ Ես հեռացա խանութիս խորքը և հայտնեցի բոլորը Շմուլ Մոզերին։ Խորհուրդ կազմեցին գործակատարների հետ։ Ես այն կարծիքին էի, որ պետք է մեր կանանց ու երեխաներին հեռացնենք Օդեսայից, իսկ ինքներս մնանք մեր կայքը պաշտպանելու։ Այսպես էլ արինք։ Ես իմ ընտանիքին ուղարկեցի Քիշինյով՝ կնոջս ծնողների մոտ, իսկ Շմուլ Մոզերն իր մորը՝ Բենդեր։ Նա շատ էլ չէր հավատում համառ լուրերին և ոչ էլ