Էջ:Shirvanzade, Collection works, vol. 5.djvu/142

Այս էջը հաստատված է

այդ պարզ սպառնալիքներին։ Արդեն հրեաները շատ են հալածվել, ավելի տանջել նրանց չի կարելի: Խե՜ղճ մարդ, չգիտեր, որ այլ էր մեր կարծիքը, այդ էր որոշումներ արձակողների տրամադրությունը…

Պարոն, ես ձեզ շեմ ձանձրացնիլ, պատմելով այդ աղետալի օրերի անցքը։ Դուք բավական տեղյակ եք, թեև շատ բան չգիտեք։

Եկան այդ օրերը հենց այն ժամանակ, երբ մեր գործերը ամենափառավոր դրության մեջ էին: Երկնային ահե՜ղ դատավոր, Մովսիսի, Ահարոնի աստված, կգա՞ արդյոք, մի օր, որ դու պատմես մեր դահիճներին։ Ոչ այնպես, ինչպես այժմ օտարների ձեռքով, երկրից դուրս, այլ հենց այստեղ, իրենց հողի վրա, իրենց արյունակիցների ձեռքովս Պարոն, քրիստոնյա պարոն, ես հավատում եմ նախախնամությունը և համոզված եմ, որ այդ օրը հեռու չէ… արդեն մոտենում է ահռելի կերպարանքով։

Արշավանքն սկսվեց ուրիշ փողոցներից և միայն երկրորդ օրը հասավ մեզ։ Այն միջոցին, երբ մեր հարևան հրեաների խանութները կողոպտում էին, երբ տներից դուրս ձգվող մանկական անկողինների բուրդն ու փետուրը քամու բերանումն էին, կանանց և երեխաների աղաղակներն ու հեծկլտանքը լեցրել էին օդը — մենք փակված էինք մեր խանութում։ Ես էի, Շմուլ Մոզերն ու Ռաբինովիչը. տասնչորս գործակատարներիցս միայն նա էր մնացել, այդ ազնիվ երիտասարդը։ Բոլորը գնացել էին պաշտպանելու իրենց մերձավորներին։ Ռաբինովի՛չ, ինչևպե՞ս կարող եմ սառնարյուն հիշել քեզ, անվեհեր տղա, որ այնպես զոհվեցիր ինձ...

Եվ մենք երեքս պիտի պաշտպանեինք հազարավոր խուժանի դեմ հարյուր քսան հազարի ապրանք՝ քսանուհինգ տարվա դառն աշխատանքիս արդյունքը։

Շմուլ Մոզերն ասաց.

— Այզելման, թողնենք ամեն ինչ ճակատագրի կամքին: Ես կյանքս գերադասում եմ կայքից:

— Իսկ իմ կյանքը — կայքիս մեջ է, —ասացի ես;

Ռաբինովիչը բոլորովին ուրիշ կարծիք ուներ: