Էջ:Shirvanzade, Collection works, vol. 5.djvu/150

Այս էջը հաստատված է

զարթեցրել էր միայն ամոթի, կարեկցության և վշտի զգացում, այսօր թվաց նրան այնպիսի մի արարած, որին համենայն դեպս կարեկցել չէր կարելի։ Եվ տպավորությունն այնքան խորն էր, որ Արամը հանկարծակի ցնցվեց։

— Այո, եղբայր,— շարունակեց Միսակը, տեսնելով, որ իր խոսակցությունը այսօր, հակառակ սովորականին, գրավում է եղբոր ուշադրությունը,— ես շատերին եմ ասում, իսկ քեզ պարտավոր եմ ասել, որովհետև հարազատ եղբայրդ եմ, այն էլ մեծ եղբայրդ, լսիր, լավ լսիր։

Նա մի քայլ ևս առաջ դրեց և բերանը բոլորովին մոտեցրեց եղբոր ականջին։

— Այստեղ քո կազմարանում դու ունիս մի քանի արհեստավորներ։ Ջահել տղերք են, տաք գլուխներ, չեն հասկանում ինչ են անում։ Ահա նրանք կարող են քեզ փորձանքի մեջ գցել, վկա է աստված։ Սուս, մեր մեջ մնա, նրանց ոչինչ չասես։ Կարող են ինձ մյուս աշխարհն ուղարկել…

— Ամենքից վտանգավորները կազմարարներն են, որովհետև նրանք գիրք շատ են կարդում։ Հըմ, ճշմարիտ չե՞ մ ասում։ Լավ մտածիր։ Հենց մեկը դու։ Օ՜,օ, ես գիտեմ, թե ինչեր ես կարդացել և այժմ գուխդ ինչով է լցված…

— Հետո, հետո,— ընդհատեց հանկարծ Արամը, որ մինչև այդ ժամանակ լուռ էր և զննոց հայացքով նայում էր եղբորը,— շարունակիր։

— Ուրիշ ոչինչ, ես ասացի բոլորը։

— Ինչո՞վ է լիքը գլուխս, հըմ, ինչո՞վ։

— Թքիր, ես քեզ հետ կռվելու չեմ եկել այստեղ։Թողնենք։ Վախենում եմ։ Մեկէլ տեսար կնիկդ եկավ, երեսիս թքեց, վզակոթիս տվեց և դուրս արավ տնից։ Հա, հա, հա, տնից դուրս արավ։ Ինչպես, քանի որ տունդ իսկի մի անգամ էլ ոտ չեմ գրել։ Չես թողել, որ ներս մտնեմ։ Կնիկդ ինձ ատելով ատում է։ Ինձ, կոժելոկի ռեգիստրատորիս։ Ո՞վ֊ Մի կալատոզի աղջիկ։ Մի նեղանար, եղբայր, կնիկդ քեզ շատ է փոխել։ Աառաջ դու ավելի բարի էիր։ Նա զզվում է ինձանից: Ինչու՞։ Որովհետև պիջակս յուղոտ է, պատառոտված, շապիկիս վրա գինու բծեր կան, օձիքս սևացած է, կոշիկներս ծակ, վարտիքիս ծայրերը գզգզված՝ գլխիս կեղտոտ մազերիս