Էջ:Shirvanzade, Collection works, vol. 5.djvu/151

Այս էջը հաստատված է

պես: Իսկ քիթս, նրա ասելով, փտած բագրջանի է նման։ Հոտ է գալիս ինձանից, ինչպես խոզից կամ շնից։ Խի, խի, խի... Տերը նրա հետ։ Կալատոզի աղջիկն իրան կոմսուհի է համարում։ Մի նեղանար, եղբայր, ես ճշմարիտ եմ ասում։

— Իմ կնիկը բոլորովին այդ բաների համար չէ, որ քեզ ատում է, Միսակ,— արտասանեց Արամը այնպիսի հուզումով, որից նրա ձայնը դողաց,— իմ կնիկը քեզ շատ բաներ է ներել, էլի կների, եթե դու չլինեիր...

Նա կանգ առավ, շրթունքները սեղմերով ատամներով։

— Եթե ես ի՞նչ լինեի, ասա, ասա, ինչո՞ւ կիսատ թողեցիր։ էհե, բարեկամ, դու ինձ հիմար չկարծես, հասկանում եմ ինչ էիր ուզում ասել։ Ես հարբեցող եմ, անգործ, անպիտան, փչացած...

Միսակը նայեց եղբորը իր կարմրած, հիվանդոտ աչքերով և տարօրինակ ժպտաց։

— Ախ, եղբայր, եղբայր պատվական,— խոսեց նա մի քանի վայրկյան լռելուց հետո, — նայում եմ քեզ և ուրախանում։ Ինչ ահագին տարբերություն կա քո և իմ մեջ։ Դու օրինավոր մարդ ես. երևելի կազմարար, հա, հա, հա, կրթված կազմարար, իսկ ես... թյու, ահա թե ինչ եմ, ցեխ, աղբ... հա, հա, հա, ինտելիգենտ մարդկանց հետ ես նստում ու վեր կենում։ Լրագրներում հոդվածներ ես գրում արհեստավորների ու բանվորների դրության մասին։ Հա, հա, հա, այդ շատ հետաքրքրական է, շատ հետաքրքրական։ Պաշտպանում ես գործավորներին, հայհոյում ես բուրժուաներին և ձրիակերներին։ Ցանկալի է իմանալ՝ քո կարծիքով ես ո՞ր դասակարգին եմ պատկանում—բուրժուա՞, թե՞ բանվոր։ Հետո դու ուրիշ՝ դահա-դահա շատ բաներ ես անում։ Եվ, որ ամենագլխավորն է, կառքով ես ման գալիս ընտանիքիդ հետ։ Գիտե՞ս, կառքով ման գալը քիչ բան չէ, եթե կառապանը քեզ տանելիս շուտ-շուտ հետ չի նայում։ Մի անգամ ես կառք նստեցի քեֆիս համար և կառապանը ամեն վայրկյան հետ էր նայում։ Նա կարծում էր, որ ես քշել պիտի տամ և տեղ հասած թաքուն պիտի ծլկվեմ կառքից, որպեսզի վարձը չվճարեմ։ Դեմքս կասկածելի էր նրա համար։ Իսկ դու կասկածելի չես, գիտեմ։ О, о, ես գիրք չեմ կարդում, բայց գիտեմ