Էջ:Shirvanzade, Collection works, vol. 5.djvu/158

Այս էջը հաստատված է
ԿՅԱՆՔԻ ԺՊԻՏԸ

— Մայրիկ, ես վախենում եմ,— լսվեց խոր գիշերին մանկան դողդոջուն ձայնը։

Նա բաց արավ աչքերը։ Սենյակի թանձր խավարը ավելի սարսափեցրեց նրան։

— Մայրի՛կ, մայրիկ, զարթնիր, ես վախենում եմ,— լսեց մայրը մանկան աղաղակն ու զարթնեց։

— Ինչո՞ւ ես վախենում,— ասաց նա, վեր թռչելով փոքրիկի ձայնից խայթված։

— Մայրիկ, էլի կրակում են: Լսի՛ր:

Մայրական քնքուշ ձեռը, որին բնությունը այնքան սեր էր ներշնչել, մեղմիկ իջավ փոքրիկի սառը քրտինքով թրջված ճակատի վրա։

— Լսո՞ւմ ես, մայրիկ, ականջ դիր։

Գիշերային հանգիստը վաղուց էր խանգարվել հրացանի ճարճատյունով։

Սլացան վերջին գնդակները՝ հատ-հատ ինչպես երամից ետ մնացած թռչուններ. հայտնի չէր որտեղից և ուր։ Եվ նորեն տիրեց լռություն։

— Մայրիկ, ինչո՞ւ են կրակում։

— Հենց այնպես, հաճույքի համար:

— Բայց ես վախենում եմ։

—Մի՛ վախենար, զավակս, հեռվում են կրակում։