Էջ:Shirvanzade, Collection works, vol. 5.djvu/165

Այս էջը հաստատված է

կհանդիպես, չվհատիս, հույսդ դիր աստծու վրա։ Թշնամիներ կունենաս՝ զգույշ կաց, բայց մի՛ վախենար։ Բարեկամներ կունենաս, հավատարիմ եղիր նրանց, պահանջիր, որ նրանք էլ հավատարիմ լինեն քեզ։ Սուտ չխոսես, չխաբես, բայց տես, որ ստախոսների հետ էլ գործ կունենաս, չխաբվես։

Թե հայրս և թե մայրս գրել-կարդալ չգիտեին։ Բայց երկուսն էլ զգում էին, որ գրել-կարդալը լավ բան է։

Հայրս ժամանակ չուներ ինձնով զբաղվելու։ Տարենը երկու անգամ նա սրբում էր իր չախմախի երկայն հրացանը, արծաթապատ ծուռ կոթանի ատրճանակը, լայն դաշույնը, ձի նստում և գնում Ղուբա քաղաք մի քանի ամիսներով։

Մայրս էր մեծ մասամբ հոգում իմ մասին։ Եվ ես, ուղիղն ասած, նրան եմ պարտական, որ այսօր գրել-կարդալ գիտեմ։

III
ՈԻՍՈԻՄՆԱՐԱՆ

Յոթ տարեկան էի, երբ մայրս ինձ տվեց ուսումնարան։

Ես միջակ մանուկ էի, ոչ անշնորհք, ոչ էլ մեծ շնորհքով։ Աշխատասեր չէի, բայց շատ էլ ծույլ չէի։ Էհ, ձեզ նման մի բան էի։ Բայց, ներողություն, կարելի է դուք ինձնից լավ եք։ Տա աստված։

Ես շատ միամիտ տղա էի։ Հա, քանի միտս է, պատմեմ ձեզ իմ միամտության մասին մի զվարճալի բան։

Մի օր ուսուցիչս, որին Սարգիս վարպետ էին կոչում, ինձ վրա բարկացավ։ Դասս լավ չէի պատրաստել։ Նա ականջս մի լավ քաշեց, հետո բաց արավ դասագիրքս և, ցույց տալով դասս, ասաց.

— Տես, էգուց այստեղից մինչև այստեղ ջուր կանես։

— Շատ լավ, վարպետ, ջուր կանեմ,— պատասխանեցի ես։

Մեր փողոցից ոչ հեռու կար մի աղբյուր։ Մյուս օրը դասագիրքս տարա, պահեցի նրա տակ այնքան, որ բոլորովին ջուր դարձավ։