Էջ:Shirvanzade, Collection works, vol. 5.djvu/167

Այս էջը հաստատված է
IV
ՏԵՐ-ԱՎԱՆԵՍԸ

Հիմա լսեցեք, թե այդ Տեր-Ավանեսն ով էր և ինչ։

Դա մի հասարակ գյուղացի էր եղել, եկել էր մեր քաղաքը, գրել կարդալ սովորել և եկեղեցում տիրացու դարձել։ Թե ինչպես էր քահանա ձեռնադրվել, աստված գիտե։ Գլխավորն այն է, որ ինքը հազիվհազ ավետարանը կարդալ գիտեր, ուսումնարան էր բաց արել և դաս էլ էր տալիս մեզ, ամեն մեկիցս վերցնելով ամիսը մի ռուբլի:

Եվ ի՛նչ դաս, «այբ, ժե, ճե, ռա, բեն, ինի, մեն, սե» և այլն, բայց այն էլ ասեմ, որ մեծ աշակերտները կարդում էին սաղմոսագիրք, ավետարան, ավելի ուսյալները՝ աստվածաշունչ, մինչև անգամ ճարտասանություն։

Ես արդեն ուսյալներից էի։

Մի լղար դեմքով, սև, թանձր և երկայն մորուքով մարդ էր այդ Տեր-Ավանեսը։ Նրա ունքերը միշտ կիտված էին, երեսը թթված, կարծես, միշտ փորը ցավում էր։ Փռշտալիս երեսը խաչակնքում էր և ասում.

— Տեր, դու չարը խափանես։

Երկու բանում նա շատ եռանդուն էր, ուտելում և ծեծելում։

Ամենից ավելի սիրում էր խնձորի տոլմա և փախլավա: Ընկույզի հալվա էլ էր սիրում, բայց ավելի պակաս, քան ճտով փլավ։

Մեր ծնողները այդ բանը գիտեին, ուստի ով կարող էր տեր-հորը բաժին էր ուղարկում։ Ես այսօր էլ զարմացած եմ, թե ինչու այդ մարդը ուտում էր, ուտում, էլի լղար էր մնում։

Նա ծեծում էր մանավանդ այն աշակերտներին, որոնց ծնողները չէին կարողանում խնձորի տոլմա կամ ընկույզի հալվա ուղարկել նրա համար։

Ամենից շատ ծեծվում էր Շամչիանց Ավետը։ Այն էլ ասեմ, որ դա մի վերին աստիճանի անհանգիստ տղա էր. շարունակ թռչկոտում էր, պարում, երգում։ Երբեմն դասամիջոցներին