Էջ:Shirvanzade, Collection works, vol. 5.djvu/169

Այս էջը հաստատված է
V
ԱՎԵՏԻ ՔԻԹԸ

Պետք է ասեմ ձեզ, որ Շամչիանց Ավետը շատ մեծ քիթ ուներ։ Եվ օր օրի վրա այդ քիթը մեծանում էր։

Աշակերտները շարունակ ծաղրում էին, անվանելով նրան «քիթ Ավետ»։ Նա բարկանում էր, կատաղում, աջ ու ձախ բռունցքով, ոտով, գլխով սրան էր խփում, նրան։ Բայց ո՞ր մեկին հաղթեր։ Չնայելով իր ուժին և քաջությանը, նա օր օրի վրա ընկճվում էր ու խեղճանում իր քթի պատճառով։

Վերջը, տեսնելով, որ հնար չկա ամենքի հետ կռվելու, սկսեց ինքն էլ ծաղրել իր քիթը։ Կարծում էր, որ եթե ինքը ծաղրե, ուրիշները կդադարեն ծաղրելուց։ Բայց չեղավ։ Քանի նա խեղճանում էր, այնքան աշակերտները երես էին առնում։

Մանավանդ կար մի պստիկ տղա Աղալո անունով։ Դա կատարյալ երկնային պատիժ էր Ավետի քթի համար։

Մի օր դասի ժամանակ Աղալոն թղթից շինեց մի կով, գլուխը թանաքով ներկեց և դրեց Ավետի քթի վրա։ Հետո հանգիստ կերպով գլուխը թեքեց դասագրքին, իբր թե դաս է սովորում։

Ավետը, իհարկե, իսկույն կովը քթից դեն գցեց և բռունցքով մի լավ զարկեց Աղալոյի կողքին։

— Վա՜յ մամա,— գոռաց Աղալոն և լաց եղավ։

— Ի՞նչ պատահեց,— ասաց Տեր-Ավանեսը, որ այդ ժամանակ մի մեծ տանձ էր կճպում, որ ուտի։

— Ավետը ինձ կոփեց,— գանգատվեց Աղալոն, հեկեկալով։

— Իժ, օձի զավակ, ես քո քիթը կջարդեմ,— գոչեց Տեր-Ավանեսը մոտենալով Ավետին։ Դե՛ եկ մեջտեղ, եկ տեսնեմ։

Շատ բողոքեց խեղճ Ավետը, որ մեղավորը Աղալոն է, ինձ էլ վկա բերեց, ոչինչ չօգնեց։

Բանն այն է, որ տանձը Աղալոյի հայրն էր ուղարկել Տեր-Ավանեսի համար։ Ինչպե՞ս կարելի էր նրա որդուն ծեծել գոնե այն օրը։