Էջ:Shirvanzade, Collection works, vol. 5.djvu/170

Այս էջը հաստատված է

— Ֆալախկան բերեք,— հրամայեց Տեր-Ավանեսը։

Ֆալախկան բերեցին։ Այդ մի բավական երկայն և հաստ փայտ էր։ Նրա ծայրերից կապած էր մի կաշվե ամուր թոկ։

— Պառկիր,— հրամայեց Տեր-Ավանեսը։

Ավետը պառկեց խսիրի վրա երեսն ի վեր։

— Ոտներդ բարձրացրու,— շարունակեց Տեր-Ավանեսը։— Այ, այդպես։ Հագցրեք ֆալախկան։ Շուռ տվեք, այ այդպես։

Երկու աշակերտ բռնեցին ֆալախկայի ծայրը։ Ավետի ոտները ցրվել էին օդի մեջ անշարժ։ Պատառոտված գուլպաների միջից երևում էին նրա մատները։

Տեր-Ավանեսը, ճիպոտը տալով ինձ, հրամայեց.

— Զարկիր։

Ուղիղն ասած, ես խղճացի Ավետին: Ինչ մեղավոր էր նա, որ մեծ քիթ ուներ։ Մի քանի անգամ ճիպոտը զարկեցի և կանգ առա։

— Զարկիր,— հրամայեց Տեր-Ավանեսը, շարունակելով տանձն ուտել։

Մի քանի թույլ հարվածներ ևս տալով, էլի կանգ առա: Ավետը բառաչում էր հորթի պես։

Նրա ոտներն արդեն կարմրել էին։ Մատներն այնպես ցցվել էին, որ կարծես, սպառնում էին փորս խրվել։

— Խեղճ է,— ասացի ես,— մեղավոր չէ։

Տեր-Ավանեսը մի ապտակ տվեց ինձ, առավ ճիպոտը և այնքան զարկեց, որ խեղճ Ավետն ուշաթափվեց։

— Ջուր բերեք,— հրամայեց Տեր-Ավանեսը։

Մի կուլա ջուր բերեցին, ածեցին Ավետի գլխին, ուշքի եկավ։ Վեր կացավ և տնքտնքալով ու կաղեկաղ գնաց, նստեց յուր տեղը։

Հետևյալ օրը նա ուսումնարան չեկավ։

Երրորդ օրը եկավ գույնը թռած, լղարած և լուռ նստեց յուր տեղը։ Նա ոչ մի խոսք չարտասանեց մինչև վերջ։

Աշակերտները փորձեցին դարձյալ սրախոսել նրա քթի վրա, ուշադրություն չդարձրեց։ Ես մի քանի անգամ լսեցի նրա ծանր հառաչանքները։ Որքան էլ փոքր լինեի և միամիտ, հասկացա, որ ընկերս տանջվում է: Ես խղճացի նրան,