– Նուրջի, Ոսկի, Շուշան և Թագուհի հորաքույրերս,– շտապեցի ավելացնել ես արագ-արագ:
– Այո, շարունակեց տատս,– մի անգամ ևս քթախոտ քաշելով և փռշտալով: Ամենից փոքրը Թագուհին է և ամենից հարուստը: Դեռ սրանից քսան տարի առաջ նրա ամուսինն ամեն ամառ գնում էր Ռուսաստան ապրանք բերելու: Ահա հենց այդ ժամանակվա մասին է պատմությունս:
Ականջ դիր:
Ես արմունկներս դրի ծնկներիս վրա, գլուխս հենեցի ձեռքերս ափերին, աչքերս հառեցի տատիս երեսին և սկսեցի ուշադրությամբ լսել:
– Երբ Թագուհու մարդը քաղաքից հեռանում էր, աղջիկս մնում էր մեն-մենակ: Նա երիտասարդ էր, նոր էր ամուսնացել, դեռ երեխաներ չուներ: Նրա տունը լիքն էր Խորաստանի գորգերով, Քիրմանի շալերով, Չին ու Մաչինի ամաններով, Մոսկովի թանկագին մաշկեղենով, ոսկեղենով, արծաթեղենով: Այն ժամանակ շաբաթ չէր անցնում, որ գողերից և ավազակներից պաշտպանեմ:
Ես խորին պատկառանքով նայեցի տատիս հսկայական թիկունքներին և առնական բազուկներին: Դեռ երեկ նա ցորենի ջուալը մեն-մենակ բարձրացրել էր և դրել մշակի մեջքին: Ինչ ուժ կունենար քսան տարի առաջ:
– Մի գիշեր ես ու հորաքույրդ քնած էինք տան պատշգամբի վրա,– շարունակեց նա մռայլ ձայնով :– Ամառային գիշեր էր, սենյակում տոթից շունչ քաշել չէր լինում: Դու գիտես, որ այդ պատշգամբի ծայրում կա մի լուսամուտ, որ նայում է դեպի մի փոքրիկ պարտեզ: Շատ էի քնել, թե քիչ- չգիտեմ, մեկ էլ լսեցի, որ լուսամուտից ինչ-որ ծանր բաներ ընկան պատշգամբի վրա: Ես զարթնեցի, նստեցի անկողնիս մեջ: Լռություն. ամեն ինչ հանդարտ էր: Միայն հեռվից, շատ հեռվից լսվում էին շան հաչոցներ: Լուսին չկար, բայց երկինքը պարզ էր, աստղերը պսպղում էին ալմաստի պես:
Նայեցի աջ ու ձախ – ոչ ոք և ոչինչ: Հորաքույրդ հանգիստ քնած էր: Ես նորից պառկեցի և վերմակը քաշեցի գլխիս: