Նոր աչքերս խուփ էի արել, հանկարծ ոտներիս վրա զգացի մի ինչ-որ ծանրություն և ցավ։ Կարծես մեկն ինձ կոխկրտելով, անցավ...
— Տատ,— գոչեցի ես,— ընդհատելով պառավի խոսքը,— ես վախենում եմ։
Տատս գրկեց ինձ, սեղմեց յուր լայն կրծքին։
— Հիմար, ինչի՞ց ես վախենում, ես այստեղ եմ,— շարունակեց նա, գլուխս համբուրելով։ Ես արագությամբ ոտքի թռա, գոռալով, «Ո՞վ էր նա»։ Աստղերի լուսով պատշգամբի ծայրում նշմարեցի հինգ-վեց մութ պատկերներ։ Մեկը նրանցից կամացուկ մոտեցավ այն սենյակի դռներին, որտեղ գտնվում էին հորաքրոջդ թանկագին իրերը։
Ես իսկույն հասկացա բանի էությունը։ Ավազակներ էին։ Իմ ձայնից հորաքույրդ զարթնել էր և նույնպես ոտքի կանգնել։ Սև պատկերներից երկուսը մոտեցան ինձ։ Կիսախավարի մեջ նկատեցի, որ նրանք զինված են մեծ-մեծ դաշույններով։ Թոռնիկս, մարդ վտանգների ժամանակ չպիտի ուշքը կորցնի։ Սառնությունը հաղթության քույրն է։ Ես չշվարեցի։ Առանց երկար մտածելու վերցրի վերմակս և մի ակնթարթում ձգեցի ինձ մոտեցողների գլխին։ Հորաքույրդ հետևեց իմ օրինակին։
— Անիծվածներ, ես ձեզ կխեղդեմ շան պես,— գոչեցի ես թրքերեն,— և երկուսին միասին գրկելով, բարձրացրի ու գցեցի լուսամուտով դեպի պարտեզ...
Արտասանելով այս խոսքերը, տատս կանգ առավ։ Երկյուղից և ուրախությունից սիրտս թրթռում էր բռնված ծտի պես։
Տատս հանգիստ էր։ Նա քթախոտ էր քաշում։
— Հետո՞, հետո՞,— գոչեցի ես անհամբերությունից շնչասպառ։
— Օօ՜, հորաքույրդ քաջ կին է,— շարունակեց պառավը հիացմամբ։ Նա իմ աղջիկն է իսկ և իսկ։ Նա էլ մեկին շպրտեց դուրս։ Ես վերցրի բարձս և ձգեցի այն մեկի երեսին, որ մոտեցել էր դռներին։
Մնացյալները մոտեցան ինձ։ Բայց ես այլևս վախ չունեի։ Հարձակվեցի նրանց վրա, երկայն մինդարը վերցնելով։