Էջ:Shirvanzade, Collection works, vol. 5.djvu/179

Այս էջը հաստատված է

երեք-չորս ընկերներով, փայտերով զինված և չուխաները կոներին փաթաթված, ինչպես վահան։

Փայտերի հարվածներ էին, որ տեղում էին մեկ և մյուս կողմից կարկտի պես։ Մենք կամ նահանջ էինք տալիս, կամ հարձակվում, նայելով հանգամանքներին։

Ավե՜տ, Ավետ, երբեք չեմ մոռանա այդ օրը։ Երբեք քո քիթն այնքան համակրելի չէ եղել ինձ համար, որքան այդ օրը։ Հենց այդ օրն էր, որ ես զգացի, թե մարդ կարող է ունենալ մեծ քիթ, ծուռ աչքեր, կուզ մեջք, կաղ ոտներ, բայց այդ չի խանգարում նրան լինել, միևնույն ժամանակ, քաջ տղա, ազնիվ ընկեր, վեհանձն հոգի։ Հենց այդ օրն էր, որ ես վճռեցի ոչ միայն չծաղրել մարդկանց մարմնավոր թերությունները, այլև ոչ ոքի թույլ չտալ ինձ մոտ ծաղրելու։

Հաղթությունը մենք տարանք, տատիս և քաջ Ավետի շնորհիվ։

Մենք ետ դարձանք հպարտ-հպարտ ինչպես հաղթական պատերազմից վերադարձող զորք։ Տատս գնում էր առջևից, բահը ուսին դրած, մենք հետևում էինք նրան, գոռալով.

— Հափ, հափ, հուռռա՛, ադա, հուռռա՜։

Այդ երեկո ուրախությունից մեր փողոցում վառեցինք մի մեծ խարույկ և սկսեցինք նրա վրայով թռչկոտել ետ ու առաջ։

X
ԳԱՍՊԱՐ ՎԱՐԺԱՊԵՏԸ

Մի տարի անցած ինձ դուրս բերեցին Տեր-Ավանեսի մոտից և տվեցին Գասպար վարժապետին։

Մինչև հիմա էլ չգիտեմ ինչու համար էր այդ տեղափոխությունը։ Ես արդեն ճարտասանությունը ջրի պես էի կարդում, իսկ ավետարանն ու աստվածաշունչն անգիր գիտեի:

Թե ինչ սովորեցրեց ինձ Գասպար վարժապետը, միտս չէ:

Բայց երբեք չեմ մոռանալ նրա կերպարանքը։ Դա մի հաստավիզ, հաստափոր մարդ էր, մոտ քառասունհինգ տարեկան: