սիրահարվեցի իմ գառնուկի վրա, որ կյանքս պատրաստ էի զոհել նրա համար։
Սակայն խեղճ բարեկամիս գլխին կուտակվում էին սև ամպեր։ Օդի մեջ զգում էի սարսափելի վտանգ։ Ամեն երեկո հայրս ու մայրս քչփչում էին ինչ-որ։ Ես լսում էի մորս հատ-հատ խոսքերը. «Չեմ կարող ուտել նրա միսը, մեղք է, մեղք է» և այլն։
Կասկած չկար, որ խոսքը գառնուկիս մասին էր։ Հայրս ուզում էր մորթել նրան, մայրս չէր թողնում։
Բայց այն ժամանակները ընտանիքի օրենքը տան ամենամեծ տղամարդի կամքն էր։ Մի առավոտ, օհ, երբեք, երբեք չեմ մոռանալ այդ դժբախտ օրը, հայրս դուրս բերեց յուր դաշույնի պատյանից դանակը և սկսեց սրել։ Վճռված էր. նա պետք է մորթեր ընկերոջս, բարեկամիս, որի հետ այնքան ուրախ օրեր էի անցկացրել։
Ես ընկա հորս ոտքերը, աղերսեցի, որ խնայի գառնուկիս, լաց եղա, հեկեկացի։ Ոչինչ չօգնեց, հայրս անհողդողդ էր։ Նա գնաց ախոռատուն, բռնեց խեղճ գառնուկիս և տարավ մեր տան ետևի փոքրիկ բակը։ Ես վազեցի, գրկեցի նրա գլուխը, համբուրեցի։ Ես չէի ուզում նրանից բաժանվել։ Հայրս յուր ուժեղ ձեռով հրեց ինձ։ Ես ընկա գետնին, հեկեկալով։
Վերջին անգամ փայլեցին անմեղ բարեկամիս գողտրիկ եղջյուրները արեգակի տակ։ Նա անհետացավ պատի ետևում։ Երբ հայրս մի քանի րոպե անցած երևաց արյունաթաթախ դանակը ձեռքին, ինձ թվաց, որ նա մարդասպան է, ավելի՜, որդեսպան։
Ես ատեցի նրան։
Ինձ համար սկսվեցին դառն, վշտալի օրեր։ Ես խելագարի պես էի, չգիտեի ինչ անեմ, ինչպես մոռանամ մորթված բարեկամիս։ Ամեն անգամ, երբ հիշում էի նրան, արտասունքը խեղդում էր ինձ։ Իսկ ես նրան հիշում էի ամեն ժամ, ամեն վայրկյան։ Հաճախ երազումս անգամ հալածում էր ինձ բարեկամիս ուրվականը․․․
Օհ, սիրելի մանուկներ, երբեք-երբեք գառնուկ չպահեք, եթե գիտեք, որ մի օր պիտի մորթեն նրան։