Էջ:Shirvanzade, Collection works, vol. 5.djvu/184

Այս էջը հաստատված է

ՍԱՐԳՍԻ ՎԻՇՏԸ


Գիշերվա երկու ժամն էր արդեն, երբ Սարգիս Բադաղյանը ժողովարանի սանդղքից ցած իջավ տուն գնալու։ Նա հուզված էր, կատաղած։

— Ուրեմն չո՞րս օր,— հարցրեց նա սանդղքի ստորոտում կանգնած ավագին։

— Այո, չորս օր և չորս գիշեր,— պատասխանեց ավագը:

Սարգիսը մի հուսահատական շարժումն արավ, հագավ սպասավորի ձեռքով վերարկուն, գալոշները, վերցրեց անբաժան անձրևանոցը և դուրս գնաց։

Չորս օր և չորս գիշեր։ Անխիղճներ, անաստվածներ։ Չորս օր և չորս գիշեր կլուբը պիտի փակ մնա։ Ինչո՜ւ։ Որովհետև զատիկ է, եկեղեցի գնալու, աղոթք անելու, ոգի և մեղքեր քավելու օրեր։

— Ո՞ւր պիտի գնամ, ի՞նչ պիտի անեմ,— ասում էր Սարգիսը, բարձրանալով մի նեղ, մութ փողոցով դեպի այն տունը, ուր բնակվում էր։

Այո, ո՜ւր գնա, ի՜նչ անի այդ շորս օրը։ Կլուբը նրա համար ամեն ինչ էր՝ և՛ տուն, և՛ ընտանիք, և՛ թատրոն, և՛ զվարճության ու տխրության վայր։ Միակը աշխարհի երեսին, որ նա ուներ, միայն մեկը։ Երեկոները նա գալիս էր ժողովարան ամենից ուշ, մինչև որ կտային «տուգանքի» նախավերջին զանգակը։ Նա ցերեկներն էլ էր այնտեղ։ Գալիս էր առավոտյան տասը ժամին ծառաների և սպասավորների հետ և գնում էր երեք ժամին։ ճաշում էր, քնում, թեյ խմում և նորից գալիս կլուբ։ Երեսունուհինգ տարի էր նա անդամ էր և ոչ մի երեկո բաց չէր թողել, ոչ մի երեկո այդ երկար ժամանակվա ընթացքում։