ԿՈՍՄՈՊՈԼԻՏԸ
Ինձ վիճակված էր երկու օր ու գիշեր Թիֆլիսից մինչև Ռոստով ճամփորդել նրա հետ և սքանչանալ նրանով։
Վագոն մտավ աննկարագրելի աղմուկով, ինչպես մեկն այն երջանիկներից, որոնք ամենուրեք իրենց համարում են տիեզերքի առանցքը։
Նա ոչ ավելի, քան քառասուն տարեկան տղամարդ էր, տակավին շատ կայտառ, շատ դյուրաշարժ։ Այնքան գեր չէր, որքան սովոր է գիրանալ հայը, երբ նրա ստամոքսը կուշտ է և գիտե կերածը մարսել։ Հասակը միջակ էր, կազմվածքը բավարար, թեև կուրծքը չափից ավելի լայն էր, իրանը երկար, գլուխը մեծ, ծոծրակը տափակ և պարանոցը կարճ։ Բայց ես վստահ եմ, որ Մոսկվայի շիկահեր և հաղթանդամ գեղեցկուհիները նրան կհամարեին եթե ոչ «զմայլելի», գոնե գրավիչ՝ իր ածուխի պես սև մազերի, թավ հոնքերի, թուխ երեսի, մանավանդ սև ու խոշոր աչքերի շնորհիվ։ Նրա հստակ սափրած երեսը, որ ծնոտի կողմում կապտագույն էր, կարճ խուզված և հարթ սանրած մազերը, նորաձև կտրած ընչացքը, մանավանդ անգլիական կտորից և անգլիական ձևով կարված մոխրագույն հագուստը նրան տալիս էին ժամանակակից ջենտլմենի տեսք։
Մի բան ևս, նրա ձայնը խռպոտ էր, ջախջախված։ Մի ձայն, որ հատուկ է վատանուն ախտ ունեցողներին կամ ոգելից ըմպելիքները ի չար գործ դնողներին։