— Բայց ես սկանդալներից երկյուղ չունեմ։ Ես գիտեմ նրանց զսպել և հարկը պահանջելիս մի լավ էլ խրատել։ Ես երկու անգամ օֆիցեր եմ ապտակել և մի անգամ էլ մի գեներալի ապուշ եմ անվանել։ Դուք իմ մասին չե՞ք լսել։ Զարմանալի է, թույչ տվեք ներկայանալ՝ Արկադիյ Մարկովիչ Ալթունով․․․
— Դուք հա՞յ եք։
— Ի՞նչ եք կարծում, ես նմա՞ն եմ հայի։
— Այո, ձեր տիպը հայկական է։
— Սխալվում եք, պարոն, սխալվում եք,— գոչեց ուղեկիցս մի տեսակ վիրավորված,— ինձ ոչ ոք հայ չի համարում։ Ամենը ասում են, որ ես իսպանացու եմ նման կամ իտալացու։
Ներս մտան մեր ուղեկիցները մի-մի հրացան ձեռքներին։ Ըստ երևույթին, նրանք որսի էին գնում։ Արտաքուստ՝ երկու հակատիպարներ էին։ Մեկը երկայնահասակ էր, նիհար, շիկահեր, փոքրիկ քթով, որի վերին մասը տափակ էր, իսկ ծայրը ներկայացնում էր շագանակի պես մի բան։ նրա երեսը սերկևիլի գույն ուներ։ Մյուսը միջահասակ էր, սև աչքունքով, գերառողջ, կարմիր այտերով և հաստ, հյութալի շրթունքներով։
Ես կարծեցի Արկադիյ Մարկովիչ Ալթունովն իսկույն որևէ կերպ կարտահայտի իր արհամարհանքը դեպի զինվորականները կամ գոնե կլռե։ Պատահեց հակառակը։
— Ախ,— գոչեց նա, ոտքի ելնելով,— ներեցեք, գուցե ես ձեր տեղն եմ բռնել։ Բարի եղեք ընտրել ձեր ցանկացած կողմը։
Սևահեր սպան բարեհամբույր ժպտաց և ասաց․
— Մի անհանգստանաք, մենք շատ՛ էլ հեռու չենք գնում, ընդամենը երեք կայարան։
Երկայնահասակ և նիհար սպան, իր հրացանը տեղավորելով իրեն առջև, թշնամական մի հայացք ձգեց նախ ինձ, ապա Արկադիյ Մարկովիչ Ալթունովի վրա։ Նրա աչքերը կլոր էին, փոքրիկ, ապակենման։ Նա նստեց իմ մոտ և, ոտներն առաջ ձգելով, վեր քաշեց կոշիկների երկայն վզերը։
Ես ամբողջ օրը դեսուդեն վազելով հոգնել էի, ուստի